18:12  ,  21 հունվարի, 2021

ՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին

ՖԻՖԱ–ն, ՈւԵՖԱ–ն, մայրցամաքային եւս հինգ կոնֆեդերացիաներ պաշտոնական հայտարարությամբ արձագանքել են լուրերին, թե Եվրոպայի խոշորագույն ֆուտբոլային ակումբները ցանկանում են ստեղծել անփոփոխ կազմով փակ սուպերլիգա։

«ՖԻՖԱ–ն եւ վեց կոնֆեդերացիաները ցանկանում են վճռականորեն ընդգծել, որ փակ սուպերլիգան չի ճանաչվի ՖԻՖԱ–ի եւ համապատասխան կոնֆեդերացիաների կողմից։ Որպես հետեւանք, այդպիսի մրցաշարի մասնակից ակումբներն ու ֆուտբոլիստները կզրկվեն ՖԻՖԱ–ի կամ համապատասխան կոնֆեդերացիայի կազմակերպած մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։

Մարզական նվաճումների, համերաշխության, թիմերի առաջընթացի եւ հետընթացի համընդհանուր սկզբունքները նաեւ աստիճանակարգությունը ֆուտբոլային բուրգի հիմքերն են եւ ապահովում են ֆուտբոլի համաշխարհային հաջողությունը։ Այդ սկզբունքները ամրագրված են ՖԻՖԱ–ի եւ կոնֆեդերացիաների կանոնադրություններում։ Այդ սկզբունքների շնորհիվ ֆուտբոլն ունի հարատեւ եւ հաջող պատմություն։ Համաշխարհային եւ մայրցամաքային մրցաշարերին մասնակցելու իրավունքը պետք է նվաճել խաղադաշտում»,– նշվում է ՖԻՖԱ–ի տարածած հաղորդագրությունում։

2020թ. հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջատար ակումբները մոտ են եվրոպական փակ լիգա ստեղծելու գաղափարի իրագործմանը։ Մրցաշարը պետք է լինի անփոփոխ կազմով՝ 16-18 ակումբ։ Նոր մրցաշարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մոտ 6 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր թիմ միայն մասնակցության համար կստանա 100 միլիոն դոլար։ Այն ժամանակ նշվել էր, որ ՖԻՖԱ–ն կողմ է գաղափարի իրագործմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English