18:41  ,  29 դեկտեմբերի, 2020

Դավիթ Խիթարյանը՝ ՀՖԿՍՊԻ բարեփոխումների, խնդիրների, առաջիկա ընտրությունների, ռեկտորի պաշտոնում ընտրվելու ցանկության եւ ծրագերի մասին

ՀՖԿՍՊԻ-ն սպորտի հետ կապված ցանկացած քաղաքականության իրականացման ոչ միայն մասնակիցը պետք է դառնա, այլեւ գաղափարներ տվողը: 16 ամիսների ընթացքում բուհում մի շարք բարեփոխումներ են եղել: Կարծում եմ՝ հոգաբարձուների խորհուրդը հետագա 5 տարվա ղեկավարումը կվստահի նրան, ով արդեն իրականացրել է այդ բարեփոխումները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Դավիթ Խիթարյանը ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակար: Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենալու նոր ընտրություն արդեն 5 տարի ժամկետով: Ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: Ռեկտորի պաշտոնի համար մրցելու են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը եւ Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը:

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Դավիթ Խիթարյանը ներկայացրեց իր տարեվերջյան հաշվետվությունը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը NEWS.am Sport-ին պատմել է պաշտոնավարման ընթացքում բուհում տեղի ունեցած բարեփոխումների, ռեկտորի պաշտոնում առաջադրվելու եւ ընտրվելու դեպքում առաջիկա ծրագրերի մասին:

Պարոն Խիթարյան, մեկ տարուց ավելի Դուք ՀՖԿՍՊԻ ռեկտորն եք: Ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում, ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել եւ ի՞նչ խնդիրների եք հանդիպել:

Ռեկտորի պաշտոնում եմ 16 ամիս եւ այդ ընթացքում կատարվել է բավական աշխատանք, որը եղել է թիմային: Ոչ միայն կոլեկտիվը, այլ նաեւ ուսանողությունը պետք է շահագրգռված լինի փոփոխությունների, իսկ իմ գալուց հետո ձեւավորվեց համագործակցային մթնոլորտ. բոլորը ցանկացան մասնակիցը դառնալ փոփոխությունների:

Մեծ աշխատանք է կատարվել կրթական ծրագրերում: Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեծ թերություններ ունեինք կրթական ծրագրերում. ոչ արդիական ծրագրերով էր իրականացվում կրթությունը: Բոլոր ուղղություններով, որոնցով տարվում է կրթությունը, փոփոխվեցին, ուղարկվեցին արտաքին գրախոսության մեր գործատուների կողմից: 2020 թվականի սեպտեմբերից բուհում կրթությունն իրականացվում է նոր ծրագրերով:

Իմ պաշտոնավարման ընթացքում փոփոխություն եղավ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի ձեւավորման սկզբունքում. ամբիոնների վարիչների աշխատավարձերը բարձրացավ 110 տոկոսով, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի միջին աշխատավարձը բարձրացավ 30 տոկոսով: Սա լուրջ փոփոխություն է մեկ տարվա ընթացքում, քանի որ բուհից ստացել էի ֆինանսների ոչ համաչափ բաշխման ժառանգություն, միեւնույն ժամանակ բավական չհավաքագրված գումարներ. խոսքը վերաբերում է ուսանողների պարտքերին:

Իմ պաշտոնավարման 16 ամիսների 10-ը բաժին հասավ կորոնավիրուսին, ապա պատերազմական իրավիճակին, բայց նվիրված եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բուհը ցնցումների չենթարկվեց, կարողացանք իրակացնել որակյալ կրթություն:

Կարեւոր ձեռբերումներից մեկը բուհի ճանաչելիությունն ու հասարակության վստահությունը բարձրացնող գործառույթներն են, որի արդյունքում այս տարի ունեցանք աննախադեպ քանակի դիմորդներ: Այդ շեմը բուհը գերազանցել էր 2007 թվականին: Բուհի դիմորդների թվի աճը քննությունների նորմատիվային պահանջներում փոփոխություններ կատարելու արդյունքն էր: Ընդունելության գործնական քննություններում ներդրեցինք տեսանկարահանման հնարավորություն, որը բարձրացրեց օբյեկտիվության ցուցանիշը: Ներմուծեցինք նաեւ փակ, գաղտնի քննությունների ձեւը, որի շնորհիվ արդյունքներն ավելի օբյեկտիվ են, իսկ մեկ տարվա ընթացքում առաջին կուրսում գերազանցիկների թիվը 50 տոկոսով կրճատվեց:

Մեկ տարվա մեջ 12 ծրագրերի ենք մասնակցել: Ճիշտ է՝ շատ քիչ մասն ենք շահել, բայց միայն այն, որ այդքան ծրագրի ենք մասնակցել, արդեն գովելի է: Իմ տեղեկություններով բուհը վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել է մեկ կրթական ծրագրի:

Ո՞ր մարզաձեւերն են մասսայական եւ որոնցո՞ւմ դիմորդների խնդիր կա:

Իմ պաշտոնավարման ընթացքում երկու խնդիր է դրված եղել. այն մարզաձեւերը, որոնցում մասսայականության խնդիր չունենք, շեշտը պետք է դրվի որակի վրա: Այն մարզաձեւերը, որոնք կարեւոր են պետության համար, բայց չի իրականացվում կրթական ծրագիր, փորձենք մեր միջոցներով ակտիվացնել հոսքը դեպի ինստիտուտ: Ամենամասսայական մարզաձեւերը, որոնք չունեն դիմորդների խնդիր՝ ֆուտբոլն է, բռնցքամարտը, ըմբշամարտը: Ձյուդո, սամբո, կարատե մարզաձեւերում ուսանողների հոսքը միջին քանակի է: Լուրջ խնդիրներ ունենք լող, հեծանիվ մարզաձեւերում,  ձմեռային մարզաձեւերում. քիչ է դիմորդների հոսքը, ամեն ձեւում 3-4 ուսանող ունենք:

Այս ուսումնական տարում կրթական ծրագրեր բացեցինք երկու ուղղություններով՝ թաեքվոնդո եւ գեղասահք: Ֆեդերացիաներից ահազանգեր ստացանք, որ տվյալ մարզաձեւերի մարզիչները չունեն համապատասխան որակավորումներ: Ստացվում է, որ պետությունը պահանջում է մարզիչներից մասնագիտական կրթություն, մյուս կողմից՝ մենք միակ բուհն էինք, բայց չէինք իրականացնում բարձրագույն կրթությունը: Առաջարկություն եւ արդեն մի քանի հանդիպումներ ենք ունեցել հրաձգության ֆեդերացիայի հետ: Որպեսզի ամբողջ ֆինանսական բեռը չընկնի բուհի վրա, հիմնական առարկաների ուսուցումը բուհը վերցնում է իր վրա, բայց մասնագիտական առարկաները ուսանողները կանցնեն ֆեդերացիաների ենթակայության տակ գտնվող մարզադպրոցներում՝ հրաձգարանում, սահադաշտում եւ այլն: Մենք դեռ չունենք այն ֆինանսները, որ բուհն ունենա իր սեփական հրաձգարանը, սահադաշտը: Սա նոր մոտեցում է եւ ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունքում խթան կհանդիսանանք մարզաձեւերի որակյան մասնագետներ պատրաստելու հարցում:

Ինչպիսի՞ն են հարաբերությունները ուսանողների հետ։

Պաշտոնավարմանս առաջին օրվանից ուսանողության համար բաց են եղել իմ դռները, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել միասին: Հիմնական հարցը, որ հետաքրքրում է ուսանողներին, կրթաթոշակներն են: Կրթաթոշակ ստանալու կարգերում եղել են փոփոխություններ, որոշ կետերում հեշտացրել ենք, որոշ կետերում խստացրել ստանալու կարգը, որպեսզի առաջնահերթությունը լինի ուսանողի առաջադիմությունը: Մի քանի մասնագիտություններում, որոնց համար բուհում չկան պետպատվերով տեղեր, սահմանել ենք մինչեւ 100 տոկոսանոց զեղչեր: Այսինքն՝ տվյալ կրթական ծրագրերում լավ սովորող ուսանողը կարող է անվճար սովորել:

Ուսանողների հետ հիմնական խնդիրը բացակայությունների մեծ թիվն է: Համավարակն ավելի խորացրեց այդ խնդիրը, բայց կարծում եմ՝ կհաղթահարենք: Ծրագրեր ենք մշակում բարձրակարգ մարզիկների համար, քանի որ բացակայությունների մեծ թիվ ունեն նաեւ բարձրակարգ մարզիկները: Ինչպես հայտնի է՝ գործող բարձրակարգ մարզիկները տարվա կտրվածքով շուրջ 200 օր լինում են ուսումնամարզական հավաքների մեջ: Միանշանակ չի կարելի ասել, որ բարձրակարգ մարզիկները պետք է ունենան արտոնություններ, քանի որ սա բուհ է եւ նրանք բուհում ստանում են բարձրագույն կրթություն: Այս առումով պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերենք մեր բարձրակարգ մարզիկներին: Մեր կողմից մշակվել է ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրակարգ մարզիկներին ուսուցումը շարունակել հեռավար:

Պարոն Խիթարյան, ինչո՞ւ եք ցանկանում շարունակել պաշտոնավորումը, ի՞նչ ծրագրեր ունեք իրականացնելու, որոնք կարող եք միայն Դուք անել ռեկտորի պաշտոնում ընտրվելիս:

Նախ շնորհակալություն կոլեկտիվին, որ 16 ամիսների ընթացքում ձեռք բերեցի նրանց վստահությունը: Առաջադրվել եմ մի քանի ամբիոնների, ֆակուլտետների խորհրդի կոմից: Նշեմ, որ այդ առաջադրումը չի եղել պարտադրված, որովհետեւ քվեարկությունների ժամանակ եղել են դասախոսներ, որոնք ձեռնպահ են քվեարկել: Իսկ դա նշանակում է, որ չի կիրառվել վարչական մեթոդներ: Կարող էի կիրառել: Այդ ավանդույթը եղել է այս բուհում, կիրառվել է վարչական մեթոդ, բայց դա իմ մեթոդների մեջ չի մտնում:  Ֆակուլտետների խորհուրդը, որը տվել է համաձայնությունը ինձ առաջադրելու ռեկտորի պաշտոնում, ինձ վստահություն է տալիս հետագա 5 տարիներին միասին ծրագրերն իրականցնելու համար: Բուհի ուսանողությունն ու պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը ցանկություն ունի միասին՝ իմ ղեկավարությամբ ՀՖԿՍՊԻ տանենք դեպի նոր վերելքներ, բուհի միջազգայնացում: 

1,5 տարվա ընթացքում մեկ բուհի համար այսքան բարեփոխումներն ակնառու են: Հոգաբարձուների խորհուրդն, իմ կարծիքով, հետագա պաշտոնավարումը կվստահի այն թեկնածուին, որն արդեն իրականացրել է այդ բարեփոխումները: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով