17:13  ,  20 դեկտեմբերի, 2020

Վորոնինի գավաթ․ Հայաստանը նվաճել է 7 մեդալ

Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը դարձել է Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտի հաղթող: Հայաստանի թիմը եւս 3 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ նվաճել է առանձին գործիքներում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պենզայից հայտնեց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացել էր երկու մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Արմեն Պետրոսյան: 

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Վորոնինի գավաթում նվաճել է 7 մեդալ՝ 4 ոսկե, 3 բրոնզե:

«Վորոնինի գավաթի խաղարկությունում տղաները փայլուն հանդես եկան: Շատ գոհ եմ նրանց արդյունքներից: Արթուր Դավթյանն ուղղակի փայլեց մրցահարթակում: Բազմամարտում անգերազանցելի էր: Չեմպիոնի կոչումը նվաճեց: Արթուր Դավթյանը եւս երեք ոսկե մեդալ եւ երկու բրոնզե  մեդալներ նվաճեց առանձին գործիքներում: Ոսկե մեդալ՝ ազատ վարժություններ, նժույգ եւ հենացատկ, բրոնզե մեդալ՝ օղակներ եւ պտտաձող:

Արմեն Պետրոսյանը մասնակցեց բազմամարտում: Բրոնզե մեդալ նվաճեց առանձին գործիքներից միայն զուգափայտում: Գավաթի խաղարկությունից առաջ թիմը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցավ Մինսկում: Իսկ մինչ այդ չմարզվեցինք երկար ժամանակ: Ինձ ուրախացրին այս արդյունքները: 

Այսպիսի մասնակցություն ունեցանք ոչ լիարժեք մարզումներ եւ նախապատրաստական փուլ անցնելուց հետո: Մրցակցությունը հիմնականում ռուսների հետ էր, որոնք աշխարհի չեմպիոն են: 

Քիչ երկրներ էին մասնակցում: Արթուրը շատ լավ մասնակցեց, զարմացել եմ: Ոչ մի վրիպում թույլ չտվեց: Արթուր Դավթյանն ու Արմեն Պետրոսյանը մրցահարթակում իրենց շատ լավ էին զգում, վստահ էին: Արթուրը բարձրակարգ մարմնամարզիկ է, բոլորը նրան ճանաչում են: Վստահ էր իր վրա, հանգիստ: Բազմամարտում Արթուրը փայլում է, բայց Օլիմպիական խաղերում հենացատկ եւ նժույգ կանի: Դեռ այդպես ենք որոշել»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Մարմնամարզիկները Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 23-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում