12:22  ,  20 դեկտեմբերի, 2020

Սլավիկ Գալստյան. Ամեն ինչ կանեմ, որ հետագայում ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտի վերջում իմ ձեռքը բարձրանա

Ամեն գոտեմարտի ընթացքում մտածում էի՝ հաղթել մեր  վիրավոր զինվորների, տղերքի համար, զոհված զինվորների հիշատակի համար: Ամեն ինչ կանեմ, որ հետագայում ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտի վերջում իմ ձեռքը բարձրանա:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 67 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը:

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Գալստյանը աշխարհի գավաթում անցկացրեց 4 գոտեմարտ: Մեկնարկային 1/8 եզրափակիչում հաղթեց կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսի (7:0)։ Քառորդ եզրափակիչում վիճելի մրցավարական որոշումների պայմաններում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին (4:7), որը նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Սլավիկ Գալստյանը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար եւ սփոփիչ գոտեմարտում հաղթեց Պերուի ներկայացուցիչ Գոնսալո Գասրիային (5։1)։

Բրոնզե մեդալի համար պայքարում աշխարհի բրոնզե մեդալակիրը հաղթեց ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին: Առաջին մրցափուլում 0:4 պարտվելիս, երկրորդ մրցափուլում Գալստյանը կամային բարձր որակներով հաղթանակի  հասավ վերջին միավորի առավելությամբ (4:4):

Սլավիկ, շնորհավորում եմ բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Գոհացնո՞ւմ է քեզ բրոնզե մեդալը, թե՞ պատրաստ էիր եզրափակիչ պայքարին: 

Բրոնզե մեդալի հետեւից չէի գնացել: Գոհ չեմ արդյունքով այնքանով, որ պատրաստ էի պայքարել ոսկե մեդալի համար: Չեմ կարող ասել՝ ինչ կլիներ երզափակիչում, ինչ արդյունքով կավարտեի, բայց պատրաստ էի պայքարի: Գոհ եմ այնքանով, որ առանց մեդալ չեմ վերադարձել Հայաստան:

Քառորդ եզրափակիչում պարտվեցիր Ադրբեջանի ներկայացուցիչին: Ի դեպ, պատերազմից հետո դու առաջին մարզիկն էիր, որ մրցագորգում հանդիպեց ադրբեջանցի մրցակցի: Լարվածությունը խանգարե՞ց հաղթել, թե՞ չստացվեց:

Միշտ էլ թուրք կամ ադրբեջանցի մրցակիցներին գորգում հանդիպելիս ունենում ենք առանձնահատուկ տրամադրվածություն: Այս գոտեմարտն էլ անցավ գերլարված, քանի որ հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Գոտեմարտի ընթացքում ինձ փորձում էի շեղել այլ մտքերից, պատերազմի մասին մտքերից, որպեսզի կենտրոնանամ սպորտի վրա, գոտեմարտի վրա եւ անեմ այն, ինչ պետք է անել: Այո, ես առաջին մարզիկն էի, որ հանդիպեց ադրբեջանցի մրցակցի պատերազմից հետո, բայց կարողացա չտրվել այլ մտքերի ու զգացողությունների: Թերեւս ստացվեց այնպես, ինչպես մինչեւ պատերազմն էինք նրանց հետ մրցում: Պարտվեցի, այդպես դասավորվեց ինձ համար գոտեմարտը:

Ինչպե՞ս էիր քեզ զգում գորգում պատերազմից հետո:

Պատերազմի մասին մտքերը բոլորիս ուղեկցել են մինչեւ վերջ, ոչ միայն թուրք կամ ադրբեջանցի մրցակիցների հանդիպելիս, այլ ամբողջ մրցաշարի ընթացքում: Ես էլ մյուսների պես ամեն գոտեմարտի ընթացքում մտածում էի՝ հաղթել մեր վիրավոր զինվորների, տղերքի համար, զոհված զինվորների հիշատակի համար:

Կոնկրետ Ադրբեջանի ներկայացուցիչի հետ պայքարում շատ մեծ էր հաղթելու ցանկությունը: Կարծում եմ՝ դա զգացին բոլորը: Ամեն ինչ անում էի դրա համար եւ չէի ուզում, որ վերջում նրա ձեռքը բարձրացնեն: Հոգեբանորեն պատրաստ էի գորգ դուրս եկել, բայց իմ սխալի պատճառով չկարողացա հաղթել:

Ի՞նչ փոխեց պատերազմը քո հոգեբանությունում մրցագորգում:

Մարզիչները մեզ անընդհատ ասում են, որ չպետք է կենտրոնանանք մրցակցի ազգության վրա, կռվենք գոտեմարտը հաղթելու համար, այլ ոչ թե թշնամու դեմ... Սպորտային հոգեբանության տեսանկյունից սա ճիշտն է, բայց գործնականում դժվար է կտրվել այդ իրականությունից: Իմ կարծիքով, նույնիսկ եթե մարզիչները մեր տեղում լինեն եւ մրցեն թուրքի կամ ադրբեջանցու դեմ, իրենց տրամադրվածությունն էլ այլ կերպ կլինի: Դա մեր արյան մեջ է:

Այլեւս կրկնակի պարտավորեցնող է հաղթանակներ նվաճելը ոչ միայն ադրբեջանցի ու թուրք մրցակիցների, այլեւ բոլորի նկատմամբ: Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրս մեր ոլորտում, փոքր հաջողություններ ունենանք, որպեսզի նորից ուժեղանանք: Վստահ եմ, որ հաջորդ ու հետագա բոլոր գոտեմարտերում իմ ձեռքը կբարձրանա, ես ոչինչ չեմ խնայի դրա համար, որպեսզի նոր հաղթանակներ ունենամ:

Ուրախ եմ, որ բրոնզե մեդալ նվաճեցի: Կավելացնեմ եւ մեր ազգին ավելի բարձր հարգի մեդալներ ու հաղթանակներ կպարգեւեմ:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս