09:14  ,  9 դեկտեմբերի, 2020

Վարազդատ Հարոյանը՝ նոր խաղային դիրքի, ԱԱ-2022-ի վիճակահանության ու Ազգերի լիգայում հաջողության մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռուսաստանում փոխեց ակումբը՝ Եկատերինբուրգի «Ուրալից» տեղափոխվելով «Տամբով»: Նոր ակումբում 28-ամյա ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի պակաս չի զգում և Ազգերի լիգայի այս մրցաշարում Հայաստանի հավաքականի կարևորագույն խաղացողներից էր:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վարազդատ Հարոյանն ամփոփել է Հայաստանի հավաքականի հաղթական մրցաշրջանը, պատմել ակումբային գործերի մասին ու անդրադարձել 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը:

Վարազդատ, Հայաստանի հավաքականը վերջապես հասավ հաջողության: Ըստ քեզ՝ Ազգերի լիգայում հաղթանակում ո՞ր գործոններն էին առաջնային:

Վերջապես հասանք հաջողության և գրավեցինք առաջին տեղը: Կարծում եմ՝ մեր երկրի ու հայ ժողովրդի համար այս ծանր շրջանում կարողացանք ուրախության մի ակնթարթ պարգևել մեր ազգին: Ճիշտ է, հիմա ֆուտբոլի ժամանակը չէ, և ֆուտբոլն առաջնային չէ, քանի որ շատ ծանր ժամանակներ են մեր երկրի համար, բայց հուսով եմ՝ կարողացանք ուրախության փոքր առիթ տալ: Բոլորս մտքերով այլ տեղ էինք, բայց, փառք Աստծո, կարողացանք կատարել մեր խնդիրը:

Այս տարի Հայաստանի հավաքականին միացան մի շարք նորեկներ: Կարելի՞ է ասել, որ նրանց գալով թիմում ստեղծվել է ավելի մրցակցային մթնոլորտ: Ի՞նչ նրանք ավելացրին թիմում:

Նորեկների մասին կարող եմ միայն ասել լավը: Նրանք շատ օգնեցին՝ Բայրամյանը, Կորյանը Յուրչենկոն, Հայաստանի առաջնությունում հանդես եկող նորեկները և մյուսները: Կարծում եմ՝ բոլորն էլ լավ ելույթ ունեցան: Նորեկների գալով թիմում մրցակցային մթնոլորտն ավելացել է: Հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի և կցուցադրենք ավելի լավ խաղ:

Հայաստանի հավաքականի հաղթանակում ի՞նչ դերակատարում ունեցավ Խոակին Կապառոսը: Ի՞նչ կառանձնացնես նրա հետ աշխատանքում:

Խոակին Կապառոսի մասին ևս տպավորությունները միայն դրական են: Շատ բարձրակարգ մարզիչ ու լավ մարդ: Նույնիսկ առանց ընկերական խաղերի հնարավորություն նա, մեր խաղերը միայն ակումբներում դիտելով, շատ օգնեց մեզ թե՛ տակտիկական, թե՛ հոգեբանական առումով:

Ըստ քեզ՝ Ազգերի լիգայի B դիվիզիոն դուրս գալն առաջնային էր այս պահին, թե ավելի կարևոր էր այս իրավիճակում հայ երկրպագուներին մի փոքր ուրախության առիթ տալը: Խաղադաշտ դուրս գալիս այդ 2 գործոններից որ՞ն էիր մտապահում առաջին հերթին:

Ինձ համար առաջնայինը մեր երկրպագուներին գոնե մեկ րոպե կամ վայրկյան լավ պահեր մատուցելն էր: Կարծում եմ՝ դա այդպես էր թիմում գտնվող բոլորի համար: Բոլորը միայն այդ մասին էին մտածում, և դա էր ամենակարևորը: Երևի, մեր գործադրած ջանքերի ու մեծ ցանկության շնորհիվ Աստված մեզ տվեց այդ ամենը:

Իհարկե, Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն ինքնին խոսում է թիմի առաջընթացի մասին, բայց, ինչպես ասում են, ավելացնելու տեղ միշտ կա: Ըստ քեզ՝ առաջին հերթին ո՞ր ուղղություններում պետք է աշխատանքներն ուժեղացվեն:

Իհարկե, ֆուտբոլում ավելացնելու տեղ միշտ լինում է: Ըստ իս՝ եղել են խաղեր, որտեղ մենք թերացել ենք, լավ չենք սկսել: Թեկուզ հենց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպման առաջին խաղակեսում շատ վատ խաղ ցուցադրեցինք, ընդմիջումից հետո նոր հավաքվեցինք և գոլ խփելուց հետո կարողացանք լավ պաշտպանվել ու հաղթել: Մակեդոնացիների դեմ մեկնարկային խաղում ևս առաջին խաղակեսն անհաջող անցկացրինք: Սակայն լավ պահեր ևս եղել են: Օրինակ՝ Վրաստանի հավաքականի դեմ 2 խաղերում էլ լավ ֆուտբոլ ենք խաղացել: Ընդհանուր առմամբ, մեր ելույթները կգնահատեմ լավ: Նկատելի առաջընթաց ենք գրանցել, բայց ավելացնելու տեղ միշտ կա:

Օրերս տեղի ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Կարելի՞ է այն հաջող համարել մեզ համար:

Կարծում եմ՝ վիճակահանությունը հաջող էր մեզ համար: Բոլոր թիմերի հետ էլ կարող ենք պայքարել, լավ խաղ ցուցադրել: Պարզ է, որ Գերմանիայի հավաքականը խմբի ֆավորիտն է, իսկ մյուս բոլոր թիմերի հետ, վստահ եմ, կարող ենք հավասար խաղ ցուցադրել ու միավորներ հավաքել:

Սեպտեմբերին հեռացար «Ուրալից», որի կազմում խաղում էիր 2017 թվականից: «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը նշել էր, որ դու շատ բան ես արել ակումբի համար: Քո կարիերայում ի՞նչ դերակատարում ունեցավ այդ ակումբում խաղալը:

«Ուրալի» հետ կապված հիշողություններն առանձնահատուկ են: Սիրեցի թե՛ այդ քաղաքը, թե՛ ակումբը: 3 տարի անցկացրել եմ այնտեղ, և շատ կապվեցի այդ քաղաքի հետ: Շատ եմ սիրում այդ քաղաքն ու ակումբը: Մարզչական փոփոխությունից հետո ինքս որոշեցի, որ պետք է հեռանամ «Ուրալից»: Ակումբի նախագահը, որի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, հարգեց իմ որոշումը և մենք բաժանվեցինք: Այնտեղ հրաշալի մթնոլորտ էր, և միայն լավ հիշողություններ են պահպանվել ինձ մոտ: Դա իմ կարիերայի կայացման փուլն էր: Ես՝ որպես ֆուտբոլիստ, կայացա հենց Ռուսաստանում: Հայաստանից տեղափոխվեցի Իրան, որտեղ ուժեղացա, իսկ Ռուսաստանում տեղի ունեցավ կայացման գործընթացը:

«Տամբով» տեղափոխվելուց առաջ կար տեղեկություն, որ առաջարկներ ունես ռուսական ակումբներից, Լեհաստանի առաջնության թիմերից մեկից, իսկ հունական ԱԵԼ տեղափոխությունդ խափանվեց վերջին պահին: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում և ինչո՞ւ ընտրությունդ կանգ առավ հենց «Տամբովի» վրա:

Այո, առաջարկներ եղել են: Լավագույնը լեհական ակումբի առաջարկն էր, որ կցանկանայի տեղափոխվել այդ ակումբ, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, քանի որ ես դեռ հույս ունեի, որ «Ուրալում» ամեն բան լավ կլինի: «Տամբովի» առաջարկն ընդունեցի Ռուսաստանի առաջնությունում մնալու համար: «Տամբովը» մրցունակ թիմ է, թեև հիմա ինչ-ինչ պատճառներով խնդիրներ ունենք, բայց ամեն բան կկարգավորվի: Ակումբի նախագահն աշխատում է այդ ուղղությամբ ու խոստումներ է տվել մեզ:

Ճի՞շտ է, որ դիտարկում էիր նաև Հայաստանի առաջնություն վերադառնալու տարբերակը:

Ճիշտն ասած, դեռ չեմ դիտարկել, բայց ոչինչ չէի բացառում: Կարծում եմ՝ իմ երկրում իմ տեղը միշտ էլ կունենամ: Այդ պատճառով մտածում էի, որ առանց ակումբ դժվար թե մնամ: «Ուրալի» նախագահին էլ հայտնել էի, որ վերջին տարբերակով կտեղափոխվեմ Հայաստան, որտեղ գրկաբաց կընդունեն ինձ: Սակայն Հայաստանի առաջնություն վերադառնալու մտքեր չեմ ունեցել, քանի որ, փառք Աստծո, առաջարկներ կային, և հենց այդ տարբերակներն էի դիտարկում, թեև ոչ մի բան չէի բացառում:

Արցախյան պատերազմի օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով ստեղծել էիք հիմնադրամ կարիքավորներին օգնելու համար: Ո՞ւմ նախաձեռնությունն էր դա:

Դո բոլորիս նախաձեռնությունն էր, քանի որ բոլորն էլ մտածում էին այդ մասին: Որոշեցինք մեր հիմնադրամը բացել և առաջինից մինչև վերջին օրն օգնել ենք այն ամենով, ինչով կարողացել ենք: Երևի, ամենաչնչինն ենք արել, բայց փորձել ենք հնարավորին չափ օգտակար լինել: Միշտ կապի մեջ ենք եղել բոլորի հետ, և ուղարկել ենք այն ամենը, ինչ հարկավոր է եղել այդ պահին:

«Տամբովի» կազմում նախորդ մի քանի խաղերում հանդես էիր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ինչո՞վ էր պայմանավորված խաղային դիրքիդ փոփոխությունը և ինչպե՞ս ես զգում քեզ դաշտի կենտրոնական հատվածում:

Մարզիչի խնդրանքով 2 խաղ անցկացրի հենակետային կիսապաշտպանի դիրքում: Նա նշեց, որ խնդիրներ ունենք այդ դիրքում, իսկ ես, բնականաբար, չմերժեցի: Կարծում եմ՝ վատ չստացվեց: Ճիշտ է, երկրորդ խաղում կարմիր քարտ ստացա, բայց դա շատ վիճելի հեռացում էր: Երևի, հաջորդ խաղում դարձյալ հանդես կգամ հենակետայինի դիրքում: Թիմում կան խնդիրներ, և դիրքային փոփոխությունս կապված է հենց դրա հետ: Չգիտեմ, թե որքանով է հաջողվում կատարել մարզիչի առաջադրանքները, սակայն կարող եմ ասել, որ դեռ գոհ են ինձանից (ժպտում է):

«Տամբովում» ֆուտբոլիստները մի քանի ամիս չեն ստացել աշխատավարձ, և խաղացողների մի մասը բոյկոտեց «Սպարտակի» դեմ հանդիպումը: Այս պահին հստակություն կա՞, թե երբ ակումբը կկարողանա մարել պարտքերը:

Այո, «Տամբովում» կա աշխատավարձի խնդիր, սակայն ակումբի նախագահը զբաղվում է այդ հարցով: Բոլորը հավատում են, որ ամեն բան լավ է լինելու: Ֆուտբոլիստները վստահում են նրան: Խնդիրն այն է, որ նահանգապետը գումար չի հատկացրել ակումբին: Նա ամեն տարի ֆինանսավորում է ակումբը, սակայն այս տարի չի արել դա: Ակումբի նախագահը խոստացել է, որ այդ խնդիրը կլուծվի: Հուսով եմ, որ ամեն բան լավ կլինի:

Դավիթ Եղիազարյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով