21:24  ,  8 նոյեմբերի, 2020

Լեւոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանն ամփոփեցին «Մատ տեռորին» միջոցառումը (ֆոտո)

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նոյեմբերի 8-ին Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը շուրջ 4 ժամ շախմատ խաղացին Հայաստանի ու Արցախից ժամանած երեխաների հետ:

Տեղի ունեցավ գրոսմայստերների «Մատ տեռորին» բարեգործական նախաձեռնությունը:

Միաժամանակյա սեանսին մասնակցում էին պրոֆեսիոնալ շախմատ խաղացող երեխաներ: Սեանսն անցկացվում էր 21 խաղատախտակի վրա:

«Մատ տեռորին» նախաձեռնությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված զինվորներին: Լեւոն Արոնյանը ելույթով հանդես եկավ եւ խորհուրդ տվեց բոլորին մասնակցել դրամահավաքին եւ գրքի վաճառքին, որպեսզի հավաքված ամբողջ գումարն ուղարկվի Արցախի եղբայրներին: Նաեւ խոստացավ անվանական ստորագրել գնված յուրաքանչյուր գիրք:

Գրոսմայստերների միաժամանակյա սենասին մասնակցեց 21 երեխա: Լեւոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը խաղում էին սպիտակ խաղաքարերով՝ նույն շրջանում միմյանց հաջորդելով: Մասնակիցներից մի քանիսին հաջողվեց հաղթել երկու գրոսմայստերներին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեւոն Արոնյանը:

«Երեխաները լավ են խաղում: Հետաքրքիր է ստացվում: Արդեն մի քանի խաղ պարտվել ենք: Այն նպատակն, ինչի համար խաղում ենք այս սեանսը, կարծում է ստացվում է: Տրամադրությունը, երեխաների ոգեւորվածությունը զգացվում է: Ամենակարեւորը՝ դրամահավաքն է: Նաեւ կարեւորում եմ երեխաների հետ շփումը խաղի ընթացքում:

Այս շրջանում դժվարանում եմ որեւէ մրցաշարի վրա կենտրոնանալ: Շուտով խաղալու եմ արագ շախմատի մրցաշարում, որը օնլայն է լինելու: Պարզ է՝ դժվար է պատրաստվելը, բայց պետք է ուժեղ լինենք»,- ասաց Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը:

Ավելի ուշ Մանուել Պետրոսյանը NEWS.am Sport-ին տեղեկացրեց, որ 21 պարտիաներից երեքում պարտություն են կրել:

Սեանսին զուգահեռ նույն վայրում վաճառքի էր հանվել նաեւ Լեւոն Արոնյանի մայրիկի Սեդա Արոնովայի  հեղինակած  «Լեւոն Արոնյան» գիրքը:

Կազմակերպված գրքի վաճառքի եւ դրահամահավաքի ամբողջ հասույթն ուղարկվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Գրքի վաճառքը, դրամահավաքին զուգահեռ, կազմակերպել եւ իրականացնում էր Լեւոն Արոնյանի սիրելին՝ Անի Այվազյանը:

NEWS.am Sport-ին Անի Այվազյանը տեղեկացրեց, որ հավաքված գումարը չի հաշվվելու, արկղը պլոմբած է եւ միանգամից այդպես ուղարկվելու է համահայկական հիմնադրամ: Հետագայում հիմնադրամը կհայտարարվի հավաքված գումարի չափը:

Լեւոն Արոնյանի ընկերուհին նաեւ տեղեկացրեց, որ բարեգործական նախաձեռնության ավարտին վաճառվել է մեծ քանակությամբ գիրք, որի աժեքը 4 հազար դրամ էր:

Սեանսի ավարտից հետո Լեւոն Արոնյանը ստորագրեց գրքերն ու լուսանկարվեց հավաքված շախմատասերների եւ իր երկրպագուների հետ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում