17:08  ,  8 նոյեմբերի, 2020

Լեւոն Արոնյան․ Ռազմաճակատ գնալու մտադրություն միշտ կա եւ ամեն օր էլ դրան պատրաստ եմ

Ռազմաճակատ գնալու մտադրություն ինձ մոտ միշտ կա եւ ես ամեն օր էլ դրան պատրաստ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Նոյեմբերի 8-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Լեւոն Արոնյանի եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով:

«Միջոցառումը կրում է «Մատ տեռորին» խորագիրը, քանի որ այս պատերազմում մենք պետք է պայքարենք ահաբեկիչների դեմ: Այս պահին մեր թշնամին օգտագործում է ահաբեկիչներին եւ անում է այնպիսի բաներ, որոնք մարդկային չեն: Վերջիվերջո կա կռիվ, մարտ եւ կան այն մարդկային բաները, որոնք մենք բոլորս կիսում ենք: Մեր թշնամին ընտրել է այնպիսի մեթոդներ, որոնց մասին ամոթել է խոսել: Նա ցույց է տալիս այնպիսի դաժանություններ, որոնք հատուկ չեն նույնիսկ կենդանիներին: Էլ բառ չեմ գնտում բնութագրելու թշնամու արարքները: Պետք է այդ ամենի դեմ պայքարենք:

Այսօր դրամահավաք ենք անում, մայրիկիս գիրքն եմ վաճառում, միաժամանակյա սեանս ենք տալիս, որպեսզի գումար հավաքենք եւ ուղարկենք Արցախի մեր եղբայրներին: Ինձ շատ են գրում իմ գործընկերներն այն երկրներից, որտեղ լուռ են Արցախյան պատերազմում տեղի ունեցող ահաբեկչությունների մասին: Ինձ համար շատ ամոթալի է, որ այդ երկրները լուռ են: Դու կարող ես թշնամանք ցուցադրել, բայց լուռ մի եղիր երբեք: Չեմ կարող իմ այդ ընկերներին վտանգել, մեղադրել իրենց լռության համար, բայց իսկապես ինձ շատերն են գրում, որոնք շատ հարազատ են: Փորձում եմ իմ սոցիալական էջերով բարձրաձայնել Արցախյան պատերազմի մասին, հարցազրույցներ եմ տալիս: Հնարավորինս ամեն ինչ փորձում եմ անել միջազգային հանրության ուշադրությունը Արցախի սահմանում տեղի ունեցող իրադարձություններին ուղղելու համար: 

Վերջին հարցազրույցս Լատվիայից մի լրագողի հետ էր, որը գտնվում էր Ստեփանակերտում: Ինձ հարցրեց՝ «Եվրոպայի երկրներն ինչ կարող են անել, որպեսզի աջակցեն ձեզ»: Սա այն հարցն է, որը բոլոր ժամանակներում տալիս են: Համզոված եմ՝ այս նույն հարցը հնչել է Մեծ Եղեռնի ժամանակ, նույնը հնչել է նաեւ ֆաշիստական Գերմանիայում... Մարդիկ մտածում են, որ ոչինչ չեն կարող անել, նրանցից շատ հեռու է այս ամենը: Ես վստահ եմ, որ մեկ մարդն էլ կարող է իր խոսքով ինչ-որ բան փոխել:

Օրինակ՝ «Մատ տեռորին» միջոցառումը նախաձեռնել ենք երեքով՝ ես, իմ ընկեր Մանուելն ու իմ սիրելին՝ Անին: Այնպես չի, որ մենք մեզանից մեծ կազմակերպություն ենք ներկայացնում: Այս միջոցառմանը մասնակցում են նաեւ արցախցի երեխաներ, որոնց իմ խորհուրդը լինելու է հետեւյալը՝ պայքարել, ոգեւորվել, հիշել պատմությունը: Միշտ եղել է մեր ազգի վերածնունդ: Միշտ եղել է մի նոր սկիզբ մեր ազգի համար:

Հենց այս պատճառով պետք է շարունակել պայքարել: Պետք է լինենք ավելի ուժեղ եւ ավելի նվիրյալ մեր ազգին: Ռազմաճակատ գնալու մտադրություն ինձ մոտ միշտ կա եւ ես ամեն օր էլ դրան պատրաստ եմ»,- ասել է Լեւոն Արոնյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում