14:18  ,  8 նոյեմբերի, 2020

Լեւոն Արոնյան․ Համոզված եմ, որ չարը մենք կհաղթահարենք (ֆոտո)

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում  մեկնարկել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով (Live

Միաժամանակյա սեանսը Լեւոն Արոնյանի առաջարկով մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված զինվորների։

«Միաժամանակյա սեանսն անցկացնում եմ գրոսմայստեր, Արցախի նշանավոր շախմատիստ, իմ լավագույն ընկեր Մանուել Պետրոսյանի հետ։ Այսօր նաեւ տեղի կունենա մայրիկիս հեղինակած գրքի վաճառքը եւ տեղում նվիրատվությունների ամբողջ հասույթը կգնա համահայկական հիմնադրամին։

Ես կարծում եմ, որ մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք։ Մենք այսօր ամենաառաջնայինն ենք այդ պայքարում։ Մեր դեմ կիրառվում են անմարդկային, կարելի է ասել ամենադաժան եւ դժոխային ուժեր, որոնք փորձում են մեզ հաղթել։ Կարծում եմ՝ մենք ամեն ինչով դրա դեմ պետք է պայքարենք։

Ուզում եմ, որ այսօր իմանաք եւ տեսնեք, թե ինչ հրաշալի մանուկներ ունենք, հրաշալի երիտասարդ երաժիշտներ եւ այս ամենը մեզ պետք է ոգեւորի։ Պատերազմը նաեւ մշակութային է լինում. ամեն Անդրանիկի տեղը մենք պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքը, պետք է ունենանք Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան ու ոգեւորենք, որպեսզի յուրաքանչյուրը լինի լավագույնն իր բնագավառում։ Համոզված եմ, որ չարը մենք կհաղթահարենք»,- ասաց Լեւոն Արոնյանը։

Լեւոն Արոնյանի եւ Մանուել Պետրոսյանի միաժամանակյա սեանսն ուղեկցվում է դասական երաժշտությամբ, որն իրականացնում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քառյակը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում