20:58  ,  20 հոկտեմբերի, 2020

Գվարդիոլա․ Մենք հավատում ենք, որ կհասնենք մեր նպատակին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում մրցելույթների մասին։ Մանչեսթերյան թիմը առաջին տուրում կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ։

«Ես ինձ պատասխանատու եմ զգում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լիոնից» կրած պարտության համար։ Ես չկարողացա ճիշտ կառավարել թիմը, թեեւ ֆուտբոլիստները պայքարեցին մինչեւ վերջ։

Իրականությունն այն է, որ ամեն մարզիչ եւ թիմ պետք է երազի լավագույնի մասին, բայց մենք չկարողացանք։ Հիմա մենք սկսում ենք նոր մրցաշրջան եւ ստանում նոր շանս։

Ես զգում եմ, որ մենք մոտ ենք նաեւ այս տիտղոսին։ Ամեն անգամ վերլուծելով մեր անհաջողությունը Չեմպիոնների լիգայում՝ ես զգում եմ, որ մենք եղել ենք մոտ, սակայն սխալներ ենք թույլ տվել։ Չեմ կարծում, որ հոգեբանական խնդիր ունենք։

Անգլիայի չեմպիոնի տիտղոսից հետո մեր հաջորդ նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է։ Մենք հավատում ենք, որ կհասնենք մեր նպատակին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» - «Պորտու» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում