14:14  ,  13 հոկտեմբերի, 2020

Կասպարով․ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, հնարավոր չէ խոսել այդ երկրի որեւէ դրական դերակատարության մասին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ղեկավար», ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

«Լենինը Թուրքիային համարում էր տարածաշրջանում հեղափոխության տարածման գործում գլխավոր դաշնակից եւ երկու տարածքներ հանձնեց Ադրբեջանին։ Նախիջեւանում բնակչության կեսը հայեր էին, կեսը՝ ադրբեջանցիներ։ Ղարաբաղում ապրում էին բացառապես հայեր։

Բնականաբար, դա ստեղծում է ականապատ դաշտ։ Հետագայում Ստալինը պարբերաբար ստեղծում էր այդպիսի ականապատ դաշտեր՝ վերաձեւելով քարտեզը, որպեսզի հանրապետությունների հնարավոր դուրս գալու դեպքում, այդ ականները պայթեին։

Իրականում կա մեկ դետալ, որը սկզբունքորեն տարանջատում է Ղարաբաղը Ղրիմի եւ այլ շատ հիմնախնդիրներից։ Խորհրդային Միությունում 1990 թվականին ընդունված օրենքով նախատեսված էր ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետության դուրս գալու բավական հստակ կանոն։ Հստակ նշված էր, որ ինքնավար հանրապետություններն ու կոմպակտ բնակվող ազգային խմբերը պետք է առանձին քվեարկեն հանրաքվեում։ Եվ փլուզման դեպքում ունեն առանձին ինքնորոշման իրավունք։ Սա շատ կարեւոր պահ է, որը հիմա շատերն անտեսում են։ Այդ պատճառով Ադրբեջանի ինքնիշխանության հարցը կասկածելի բնույթ ունի։

Սկզբունքային է նաեւ այն փաստը, թե որ կողմն է բոլոր պահանջներին պատասխանել արյունքով։ Սումգայիթի ջարդերը պատմությունը տեղափոխեցին նոր հարթություն։ Հետո եղան ջարդեր Կիրովաբադում՝ այժմյան Գյանջան։ Հետո եղան ջարդեր Բաքվում։ Այդ ամենը բացարձակ անհնար դարձրեց համատեղ ապրելը, քանի որ Թուրքիան մինչեւ հիմա չի ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը։ Եվ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, հնարավոր չէ խոսել Թուրքիայի որեւէ դրական դերակատարության եւ Հայաստանի հետ նորմալ փոխհարաբերությունների մասին։ Մենք գտնվում ենք այսպիսի պատային իրավիճակում»,- Կասպարովի խոսքը մեջբերում է «Эхо Москвы»-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում