13:30  ,  6 հոկտեմբերի, 2020

Յուրա Մովսիսյան. Երեխաներիս ասել եմ, որ եթե այս ամենը չավարտվի, ես նույնպես կմեկնեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման եթերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

«Երեխաներիս բացատրել եմ, թե վերջին օրերին ինչ է տեղի ունենում Արցախում և թե որքան երջանիկ են, որ հայ են: Նրանց ասել եմ, որ եթե այս ամենը չավարտվի, ես նույնպես կմեկնեմ: Ավագ դուստրս ինձ հարցրեց. «Հայրիկ, դու միայն մեկ մարդ ես, ի՞նչ կարող ես անել այնտեղ»: Ես նույնպես մտածեցի այդ մասին և կարծում եմ, որ շատերն են այդպես մտածում: Բայց ես նրան պատասխանեցի, որ եթե ես գնամ, ապա ինձ հետևող մարդկանց գոնե մեկ տոկոսը կանի նույնը, և դա տարբերություն է ստեղծում: Հայրենիքից շատ հեռու էլ մենք կարող ենք օգնել:

Որդիս հարցնում է, թե ինչու եմ ցանկանում գնալ պատերազմի: Ես նրան ասացի, որ եթե հիմա չգնամ ես, 20 տարի հետո նա է ստիպված լինելու գնալ: Ասացի, որ իր բախտը բերել է, որ ապրում է ԱՄՆ-ում: Սակայն, եթե հիմա ես չմեկնեմ, ապա Հայաստանում ապրող իր տարիքի երեխաները ստիպված կլինեն գնալ»,- ասել է Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս