12:12  ,  23 սեպտեմբերի, 2020

Սարգիս Հովսեփյան. Կարոտում եմ ֆուտբոլը

Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպան, ազգային թիմի պատմության մեջ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը վերջին տարիներին չի զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ: 2012 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հովսեփյանը մեկ տարի անց գլխավորեց Երևանի «Փյունիկը», որտեղ աշխատեց 3 տարի: 2015-ին 47-ամյա մասնագետը նաև նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն Եվրո-2016-ի ընտրական փուլում անհաջող ելույթներից հետո հեռացավ ազգային թիմից, իսկ 2016-ի ամռանը լքեց նաև «Փյունիկը»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Հովսեփյանը պատմեց, թե ինչով էր զբաղվում այս ընթացքում և արդյոք ծրագրում է վերադառնալ ֆուտբոլ:

Պարոն Հովսեփյան, «Փյունիկից» հեռանալուց հետո չեք զբաղվում մարզչական գործունեությամբ: Ինչո՞վ էիք զբաղվում այս ընթացքում:

Այս ընթացքում կարողանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ: Ավելի հանգիստ կյանք եմ վարում:

Չե՞ք կարոտում ֆուտբոլը: Այդքան տարի ֆուտբոլում անցկացնելուց հետո դժվար չէ՞ առանց ֆուտբոլի:

Չեմ ասի, որ բոլորովին կտրվել եմ ֆուտբոլից: Դիտում եմ շատ խաղեր: Իհարկե, բարդ է այդքան տարի ֆուտբոլում անցկացնելուց հետո մնալ առանց ֆուտբոլի: Սուտ կլինի, եթե ասեմ, որ չեմ կարոտում ֆուտբոլը:

Այս ընթացքում մարզչական աշխատանքի վերադառնալու առաջարկներ ունեցե՞լ եք:

Ոչ, առաջարկներ չեն եղել:

Եթե վաղը ստանաք հայկական ակումբներից մեկում աշխատելու առաջարկ, ի՞նչ կպատասխանեք:

Կախված է նրանից, թե ինչ ակումբից և ինչ առաջարկ կլինի: Կարևոր է, թե ինչ խնդիրներ են դրված այդ ակումբի առջև: Այդ հարցին դժվար է միանաշանակ պատասխան տալ:

Կարիերան ավարտելուց մոտ մեկ տարի հետո անցաք մարզչական աշխատանքի, որը երկար չտևեց: Ինչո՞ւ որոշեցիք այդքան շուտ թողնել մարզչական աշխատանքը:

Հստակ պատճառներ չեմ կարող նշել: Եթե նայեք «Փյունիկում» կատարած իմ աշխատանքի վիճակագրությանը, կտեսենք, որ ակումբը լավագույն արդյունքներ էր գրանցում: Առաջին մրցաշրջանում դարձանք Հայաստանի գավաթակիր, երկրորդում 3 տիտղոս նվաճեցինք, իսկ երրորդում գրավեցինք երրորդ տեղը: Կարծում եմ՝ դա նորմալ արդյունք է «Փյունիկի» պես ակումբի համար: Ես ցանկանում էի, որ իմ գլխավորած թիմը պայքարի միայն բարձր տեղերի համար, այլ ոչ թե պարզապես մասնակցի առաջնությանը: Գլխավոր պատճառներից մեկը դա էր: Իսկ ինձ համար դա անընդունելի էր, որ իմ գլխավորած թիմը չպայքարի բարձր տեղերի համար, իսկ դրա համար պետք են պայմաններ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրեցիք մի քանի խաղ, որոնք անհաջող ստացվեցին: Չկա՞ ափսոսանք, որ հենց այդ դժվար ժամանակահատվածում գլխավորեցիք ազգային թիմը:

Ես Հայաստանի հավաքականում խաղացել եմ թիմի ստեղծման առաջին օրվանից մինչև կարիերայիս ավարտը: Եվ երբ դու հասկանում ես, որ դժվար պահին կարող ես գոնե չնչին ինչ-որ բանով օգտակար լինել հավաքականին, ապա երբեք չես կարող մերժել: Ես այլ կերպ եմ ընդունում մեր հավաքականը և հասկանում էի, որ բարդ է լինելու, լինելու են շատ քննադատություններ, բայց դա նորմալ է: Կարևորն այն էր, որ ես փորձեցի նորից օգնել իմ հավաքականին:

Դուք Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ խաղ (132) անցկացրած ֆուտբոլիստն եք: Ըստ Ձեզ, գործող ֆուտբոլիստներից ո՞վ կարող է գերազանցել այդ ռեկորդը:

Տա Աստված, որ շատերը կարողանան գերազանցել այդ ռեկորդը: Եթե ֆուտբոլիստը սահմանում է այդպիսի ռեկորդ, դա նշանակում է, որ նա շատ կարևոր խաղացող է հավաքականի համար: Որքան շատ լինեն այդպիսի ֆուտբոլիստները, այնքան դա օգտակար կլինի մեր հավաքականի համար: Իմ ցանկությունն է, որ այդպիսի խաղացողները շատ լինեն, իսկ թե ով կլինի, դժվարանում եմ ասել: 

Դուք Հայաստանի հավաքականի ավագն էիք այսպես կոչված «Ոսկե սերնդի» ժամանակահատվածում: Ըստ Ձեզ՝ այդ թիմին ինչը չբավականացրեց ավելի լուրջ հաջողությունների հասնելու հարցում:

Երևի, առաջին հերթին հաջողությունը: Օրինակ՝ մեր բախտը չբերեց, որ Իռլանդիայի դեմ խաղում այդպիսի մրցավար էր բաժին հասել մեզ կամ, որ Բերեզովսկին հեռացվեց դաշտից: Ամեն դեպքում, մեկ բանից չէր կախված դա: Նաև փորձառու Գևորգ Կասպարովը բարձր ջերմության պատճառով թիմի հետ չէր, և նրա փոխարեն մրցավայր էր ժամանել ավելի երիտասարդ դարպասապահ: Մեկ բառով դժվար է ասել, թե ինչը չբավականացրեց:

Շատ է խոսվում, որ Հայաստանում կա տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս: Սակայն կան կարծիքներ, որ լավ մարզիչները նույնպես շատ չեն: Երիտասարդ հայ մարզիչներից ո՞ւմ աշխատանքը կառանձնացնեք:

Կարծում եմ, որ կան թե՛ տաղանդավոր ֆուտբոլիստներ, թե՛ հայ մարզիչներ, պարզապես նրանց պետք է հնարավորություն տալ. դա է գլխավոր խնդիրը: Մենք նույնպես միանգամից չենք դարձել այդպիսի փորձառու խաղացողներ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տվել, բայց մեզ թե՛ ակումբում, թե՛ հավաքականում հնարավորություն են տվել փորձ ձեռք բերելու: Օրինակ՝ հետևում եմ Արամ Հակոբյանին, նա շատ լավ աշխատանք է կատարում: Բոլորին չթվարկեմ, բայց չի կարող այնպես լինել, որ լավ մարզիչներ չունենանք, քանի որ մենք տաղանդավոր ենք: Պարզապես պետք է առաջ գնալու հնարավորություն տալ նրանց:

Վերջերս Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղերն անցկացրեց Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Մարզչական առումով ի՞նչ առանձնացրեցիք այդ խաղերում:

Մի փոքր բարդ է, քանի որ մարզիչն առաջին պաշտոնական խաղն անցկացեց Մակեդոնիայում, և կորոնավիրուսի համավարակի պատճառով մարզվածության առումով խնդիրներ կային: Ամեն դեպքում, նորմալ էր: 2 խաղերում 3 միավոր վաստակելը վատ չէ, ամեն բան առջևում է: Հաջորդ խաղերից հետո պատկերն ավելի պարզ կլինի: Կարծում եմ՝ այդ 2 խաղերում գլխավոր մարզիչն առավելագույնը քաղեց: Հուսանք, որ հաջորդ խաղերն ավելի հաջող կստացվեն:

Այս մրցաշրջանից առաջ Հայաստանի առաջնությունում մտցրվեց լեգեոնականների սահմանափակում: Ըստ Ձեզ՝ դա ամենաօպտիմա՞լ տարբերակն էր այս պահին:

Ես կցանկանայի, որ լեգեոնականների սահմանափակումն ավելի խիստ լիներ: Կրկնում եմ, որ ես կցանկանայի, որ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղան ու փորձ հավաքեն, բայց նաև հասկանում եմ, որ ակումբները մեծ գումարներ են ծախսում: Սակայն հարցն այն է, որ այդ գումարներն արդարացված չեն, քանի որ եվրագավաթների այս մրցաշրջանի խաղերն այլ բան ցույց տվեցին: Եթե պետք է այդպիսի արդյունք ցուցադրեն, ավելի լավ է՝ մեր տղաները խաղան: Ես դեմ չեմ լեգեոնականներին, բայց ես կողմ եմ միայն ուժեղ ու բարձրակարգ լեգեոնականներին: Ձեր նշած «Ոսկե սերունդի» ներկայացուցիչները խաղացել են նաև «Փյունիկում», և նրանք աստիճանաբար են սկսել ցուցադրել այդպիսի լավ խաղ: Փորձառու ֆուտբոլիստների կողքին խաղալով՝ նրանք մեծ առաջընթաց գրանցեցին: «Ոսկե սերունդ» ունենալու համար այդ սերունդը պետք է խաղա:  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունից հետո գլոբալ փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Նկատելի է, որ լեգեոնականներն անհամեմատ շատացան Հայաստանում: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է շարժվում դեպի արդյունքը: Ժամանակը ցույց կտա, թե ում ընտրած ուղին էր ավելի լավը: Բոլորն էլ ցանկանում են, որ մեր հավաքականը հասնի լավ արդյունքի: Ըստ իս՝ ֆեդերացիան պետք է ամեն ինչ անի, որ մեր հավաքականները լավ խաղան և որակով ֆուտբոլիստներ ապահովվի ազգային հավաքականի համար: Եթե հաջորդ մրցաշրջանից ավելի նվազեցվի լեգեոնականների քանակը, կարծում եմ՝ դրանից կշահեն մեր բոլոր տարիքային հավաքականները: Հասկանալի է, որ ակումբների համար ավելի հեշտ է բերել պատրաստի լեգեոնականների, քան աճեցնել լավ խաղացողներ: Կարծում եմ, որ ֆեդերացիան ավելի շատ պետք է մտածի հավաքականի ու ֆուտբոլի զարգացման մասին, քան ակումբների: Հավաքականի մարզիչը պետք է ունենա ընտրության լայն հնարավորություն:

Դեկտեմբերին ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ ֆուտբոլային գործունեությամբ չզբաղվելու պատճառով ՀՖՖ-ի անդամակցությունից զրկվեցին մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր նաև Ձեր անունով գրանցված «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ն: Ո՞րն էր պատճառը, որ Ձեր ՀԿ-ն դադարել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:

Պատճառն այն էր, որ հայրս ուներ անբուժելի ու ծանր հիվանդություն, և ես ամեն բան անում էի նրա կյանքը երկարացնելու համար: Դրա համար ժամանակ ու գումար էր հարկավոր: Հասկանալի է, որ տրամադրությունս ևս այն չէր: Այդ ժամանակ ես մարզում էի նաև «Փյունիկը», աշխատեցի նաև Մ-19 և Մ-21 հավաքականներում, հետո ժամանակավոր գլխավորեցի ազգային հավաքականը: Այդ պայմաններում անհնար էր զբաղվել նաև այդ կազմակերպության գործերով: Պատճառը դա էր: Բնականաբար, ծնողիս կյանքն ավելի թանկ էր, և ժամանակս ու գումարներս ցանկանում էի ծախսել հորս կյանքը հնարավորինս երկարացնելու համար:

Եթե ձեր ՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, ո՞ւմ օգտին կտար իր ձայնը:

Այս պահին դժվարանում եմ ասել: Ընտրությանը մասնակցելու դեպքում ավելի խորը կմտածեի և կփորձեի վերլուծել իրավիճակը: Եթե ինձ նույնիսկ թույլատրեին մասնակցել ընտրություններին, ես չէի մասնակցի, քանի որ հասկանում էի, որ ոչինչ չեմ արել դրա համար: Այդ պատճառով չէի խորացել, թե ում պետք է ընտրեի ու չեմ կարող պատասխանել այդ հարցին: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով