15:31  ,  21 սեպտեմբերի, 2020

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրների ռեկորդները՝ Անկախության օրվա առիթով (ֆոտո)

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա առիթով երկու նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում:

Երեւանի Շահումյանի հրապարակում Սաքունց եղբայրները մեծ թվով երկրպագուների աչքի առաջ ատամներով բռնած ճոպաններով մի քանի մետր տեղաշարժեցին 4 տոննա ավտոմեքենա եւ 10 տոննա ավտոբուս:

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցի խոսքով, իրենց նպատակը Հայաստանի եւ հայերի մասին ամբողջ աշխարհին պատմելն ու ներկայացնելն է, ինչը նրանց մոտ հաջողվում է, բայց պետական այրերի, ԿԳՄՍ նախարարության, երկրի ղեկավարության կողմից որեւէ արձագանքի եւ վերաբերմունքի չի արժանանում: Միջոցառմանը հրավիրված էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն ըստ մարզիկների, խոստացել էր ներկա գտնվել, բայց այդպես էլ չեկավ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ: Մենք եղբայրներով որոշել ենք Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ սահմանել համաշխարհային ռեկորդներ, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում, այդ թվում եւ համաշխարհային մի շարք ասոցիացիաներում: Այս ռեկորդները նվիրում ենք Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին: Ես սահմանելու են նմանը չունեցող ռեկորդ՝ ձեռքերի վրա կանգնած ատամներով քաշելու եմ 4 տոննա ավտոմեքենա: Այս ռեկորդն առաջին անգամ արել է ադրբեջանցի մարզիկ 7 տարի առաջ: Նա այդ ժամանակ ատամներով տեղաշարժել է 2 տոննա ավտոմեքենա: Ես այս պահին 4 տոննա քաշ ունեցող ջիպ ավտոմեքենա եմ տեղաշարժելու ձեռքի վրա քայլելով եւ ճոպանն ատամներիս վրա դրված: Մեկ մետրից ավել եթե անցնեմ, ռեկորդը սահմանված կլինի»,- ասաց Յուրի Սաքունցը:

Սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Սաքունցը ատամների վրա դրված ճոպանով ավտոբուսներ է տեղաշարժում: 18-ամյա Արթուր Սաքունցի ռեկորդն այս անգամ 10 տոննա ավտոբուս եւ 4 տոննա ավտոմեքենա միաժամանակ տեղաշարժելն էր:

«Սեպտեմբերի 2-ին սահմանեցի ռեկորդ՝ 12 տոննա ավտոբուս ատամներով քաշելով: Այսօր կփորձեմ բարելավել արդյունքս՝ երկու մեքենա եմ միանգամից քաշելու՝ միասին 14 տոննա քաշ ունեն: Մեկ մետրից ավել քաշելու դեպքում արդեն ռեկորդ կսահմանեմ»,- նշեց Արթուր Սաքունցը:

24-ամյա Յուրի Սաքունցը նկատեց, որ չնայած իրենց բազմաթիվ համաշխարհային ռեկորդների, ԿԳՄՍ նախարարության, սպորտային կառույցների, երկրի ղեկավարության կողմից որեւէ վերաբերմունքի, խրախուսանքի չեն արժանանում:

«Մենք մարզիկներ ենք: Այս միջոցառումը կազմակերպելու համար չունենք ծանոթ-բարեկամներ, աջակիցներ, օգնողներ: Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մեր առողջությունն ու էներգիան սպառելով կարողանում ենք այս ամենը կազմակերպել, որպեսզի հեռուստաէկրաններից այն կողմ նստած մեր հայրենակիցները տեսնեն, ուրախանան, մի քանի րոպե հոգսերից կտրվեն, հպարտանան: Այս ամենը կազմակերպել ենք ես ու եղբայրս մեր ծնողների աջակցությամբ: Հայաստանի սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) որեւէ աջակցություն ցույց չի տվել: Անձամբ տեղյակ եմ պահել բոլոր կառույցներին, դիմել եմ, զանգել, գնացել, ոչ մեկ ոչ մի բան չի արել: Տեղի հարցն էլ ծանոթի միջոջով ենք հազիվ թույլտվություն ստացել: Նախարարությունն ինձ ասել է, որ կարող ենք գնալ «Միկա» մարզադաշտում անել, ուրիշ ոչնչով չեն կարող օգնել: Ես ասել եմ՝ ինձ ոչինչ պետք չի, փող պետք չի: Ես երկիր եմ ներկայացնում, գոնե կարող են գալ, իրենց ներկայությամբ աջակցել: Իսկ այսօր մարդ չկա, ոչ մի կառույցից ներկայացուցիչ չկա: Գագիկ Ծառուկյանն է խոստացել գալ, բայց դեռ չկա: Ես բողոքական մարդ չեմ, բայց սա իմ 20-րդ ռեկորդն է, Հայաստանը տարբեր երկրներում ներկայացրել եմ, բայց մի լումա, դրամական պարգեւ ինձ ոչ մեկ չի տվել: Կրկնվեմ, ես գումար չեմ ուզում, բայց սպորտի փոխնախարարը, երկրի նախագահը կարող էր գալ, այսօր այստեղ լիներ, այնպես, ինչպես Արցախում: Այնտեղ մարդիկ մեզ այնպիսի վերաբերմունք ցույց տվեցին, որ հիացած ենք, զարմացած: Տաքսիներով, «պադավատներով» մեզ տանում-բերում էին, ուտել-խմելով մեզ ընդունեցին: Երկրի նախագահն էլ իր օգնականներով եկավ, մարզադաշտից հետեւեց մեր ռեկորդներին: Իրենք ինձ փող չեն տվել, ես նրանցից փող չեմ ուզել, բայց նրանց տված վերաբերմունքը լրիվ հերիք էր մեզ:

Մենք չենք կոտրվում, ընկճվում, մենք շարունակելու ենք մեր երկիրը ներկայացնել, համաշխարհային ռեկորդներ սահմանել, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, ճանաչի հայ ազգին, Արցախ պետությանը:

Մեր ձեռքի տակ ունենք երկու միջազգային վկայական, որոնք հաստատված են 179 երկրում գրանցված համաշխարհային սպորտի ռեգիստրի կողմից: Իմ նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ռեկորդների վկայականներում գրանցվել է, որ ռեկորդները սահմանվել են Արցախի Հանրապետությունում:

Երբ դարձա ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, այդ ժամանակ էլ ոչ մի խրախուսանքի, պարգեւատրման չարժանացա. ավելին՝ ավտոմեքենաս ծախեցի, գնացի մրցումների»,- մանրամասնեց Յուրի Սաքունցը:

Երիտասարդ ռեկորդակիրները հաջողությամբ սահմանեցին Գինեսի ռեկորդներ: Յուրի Սաքունցը առաջին փորձից ատամներով 10 մետր քաշեց 4 տոննա ծանրության ավտոմեքենան: 18-ամյա կրտսեր Սաքունցը 4-րդ փորձից միայն կարողացավ քաշել 10 տ. ավտոբուսն ու 4 տ. ավտոմեքենան: Առաջին երեք փորձերն անհաջող ստացվեցին, քանի որ ավտոբուսը քաշող ճոպանը պոկվում էր: Ռեկորդակիներին ճոպանի հարցում օգնության հասան Շահումյան հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերը՝ տրամադրելով ավելի ամուր ճոպան ավտոբուսը ավտոմեքենային կապելու համար:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա մարզիկը խոստովանեց, որ ԿԳՄՍ, ՀԱՕԿ, պետական մարմինների ներկայացուցիչների վերաբերմունքը վիրավորական է:

«Նեղանում ենք, որ խոստանում են գալ, ու չեն գալիս: Գագիկ Ծառուկյանն անձամբ էր խոստացել գալ եւ հետեւել մեր ռեկորդները սահմանելուն, բայց չեկավ: ԿԳՄՍ նախարարության, ՀԱՕԿ-ի, բոլոր կառույցների այսօրինակ վերաբերմունքից նեղանում ենք, որովհետեւ հարկ եղած դեպքում մեր պաշտոնյաները այստեղ-այնտեղ հպարտանալով ասում են՝ մեր չեմպիոններն են, մեր տղերքն են այդ ռեկորդները սահմանել, բայց չեն գալիս գոնե կողքից հետեւեն, ներկա գտնվեն մեզ այստեղ, տեղում երկրպագեն»,- նեղսրտեց Յուրի Սաքունցը:

Յուրի եւ Արթուր Սաքունցները Հայաստանի ֆիդայինների կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգեւատրվեցին «Աղբյուր Սերոբ» եւ «Գեւորգ Չաուշ» հուշամեդալովներով:

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոնի հաջորդ ռեկորդը լինելու է ճկույթով 70 տոննա գնացք տեղաշարժելը, որը նպատակ ունի իրականացնել Մոսկվայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English