12:22  ,  19 հուլիսի, 2020

Արման Քարամյան․ Եթե մի օր Հայաստանի հավաքականներից մեկը գլխավորելու հրավեր ստանամ, սիրով կգամ (ֆոտո)

Եթե մի օր Հայաստանի հավաքականներից մեկը գլխավորելու հրավեր ստանամ, սիրով կգամ: Եթե տղաներս հրավեր ստանան Հայաստանից, նորից սիրով կգանք եւ կխաղանք մեր երկրից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, ռումինական «Կոնկորդիա Կյաժնա» ակումբի պատանեկան թիմի ավագ մարզիչ Արման Քարամյանը:

Քարամյան եղբայրները ազգային հավաքականում կարիերան ավարտելուց հետո հեռացան Հայաստանից եւ հաստատվեցին  աշխարհի տարբեր ծայրերում՝ Արման Քարամյանը Ռումինիայում, Արտավազդ Քարամյանը՝ ԱՄՆ-ում: Երկու եղբայրներն էլ չեն հեռացել մեծ ֆուտբոլից, երկուսն էլ զբաղվում են մարզչությամբ:

Արման Քարամյանը 2010 թվականից Ռումինիայում գլխավորում է «Կոնկորդիա Կյաժնա» ակումբի պատանեկան թիմը: Նվաճել է 17 գավաթ, 5 տարի անընդմեջ ճանաչվել է լավագույն մարզիչ. «Sezonul 2014-2015 Galaxy Friendship Turnir» մրցաշարի լավագույն մարզիչ, «Sezonul 2015-2016 Campion Judetului Ilfov» առաջնության լավագույն մարզիչ, «Sezonul 2016-2017  Turnir Junior cap»՝ լավագույն մարզիչ, «Sezonul 2017-2018 Campion Judetului Ilfov Turnir» լավագույն մարզիչ, «Sezonul 2018-2019 Campion Municipiului Bucuresti»՝ Բուխարեստի լավագույն մարզիչ:

Պարոն Քարամյան, Հայաստանի հավաքականում փայլուն կարիերա ունենալուց հետո, ինչպե՞ս հաստատվեցիք Ռումինիայում:

2001 թվականին, երբ դեռ հավաքականում էի, Հունաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող  «Պանախաիկի Պատրաս» ակումբից հրավեր ստացանք եւ մեկ տարի այնտեղ խաղացինք: Ապա տեղափոխվեցինք «Արսենալ Կիեւ» ( 2002-2003թթ.)՝ Ուկրաինայի բարձրագույն լիգա: 2004 թվականին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչներն էին ռումինացիներ Միխայ Ստոյկիցան եւ Միխայ Ստոյկա, նրանց կողմից առաջարկ եղավ խաղալ Ռումինիայում: Քանի որ մենք էլ ծանոթ էինք Ռումինիայի առաջնությանը, 23 տարեկան տղաներ էինք ես եւ եղբայրս, համաձայնեցինք եւ տեղափոխվեցինք: 2004-2011 թթ. Խաղացինք Ռումինիայի լավագույն թիմերում՝Լիգա 1-ի «Ռապիդ Բուխարեստ»,  «Պոլի-Տիմիշոարա» եւ «Ստյաուա Բուխարեստ»:

2010 թվականից արդեն սկսել էինք մարզչությամբ զբաղվել «Կոնկորդիա Կյաժնա» ակումբում ընդգրկվեցի որպես մարզիչ մանկապատանեկան թիմում՝ 2003 թվականի ծնվածների: Այստեղ խաղում էր նաեւ իմ ավագ որդին: 2010-2020-ին միայն մարզել եմ այս ակումբի թիմը: 10 տարվա ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ: 17 գավաթ եմ տարել, որից 12-ը 1-ին տեղ, երկուսը՝ 2-րդ, երեքը՝ 3-րդ: 2018-19-ին իմ թիմը հաղթեց Բուխարեստի առաջնությունում: Սա մեր ամենանակարեւոր եւ բարձր նվաճումն էր: Իմ թիմից 4 ֆուտբոլիստ այս պահին պայմանագիր է կնքել արդեն «Կոնկորդիա Կյաժնայի» մեծահասակների թիմի հետ եւ շուտով կխաղան Ռումինիայի բարձրագույն խմբում: Սա նշանակում է, որ զուր չի եղել աշխատանքս, քանի որ 6 տարեկանից ես եմ նրանց մարզել: Դրանից բացի, Ռումինիայի հավաքականին 4 ֆուտբոլիստ եմ տվել, որից երկուսն իմ որդիներն են:

Հայաստանի հավաքականում վերջին խաղը ո՞րն է եղել եւ ի՞նչ հիշողություններ ունեք ազգային հավաքականում Ձեր անցած ճանապարհից:

Հրաշալի հիշողություններ են պահպանվել: Վերջին խաղս եղել է 2010 թվականին Իսպանիայի դեմ տնային հանդիպումը, որտեղ պարտվեցինք 1։2 հաշվով: 51 խաղ եմ անցկացրել ազգային հավաքականում, 5 գոլի հեղինակ եմ: Եղբայրս՝ Արտավազդ Քարամյանը, 50 խաղ եւ 3 գոլ:

Ո՞րն է եղել ամենատպավորիչ խաղը հավաքականում։

Շատ լավ խաղեր ենք ունեցել եւ յուրաքանչյուրն ինձ համար առանձնահատուկ է: Տպավորիչ խաղ կնշեմ թերեւս Իսպանիայի դեմ արտագնա խաղը: Չնայած պարտվեցինք,  բայց   տպավորիչ հանդիպում ստացվեց թե մեր, թե Իսպանիայի հավաքականի համար: Մինչեւ 75-րդ  րոպեն 0:0 էինք խաղում: Իսպանիայի մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեր թիմին, թե ինչ լավ էինք խաղում: Կարծում եմ՝ դա կփաստեն նաեւ իմ թիմակիցները (3:0):

Վառ է հիշողություններումս նաեւ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղը, որտեղ Արթուր Պետրոսյանը 7-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ Ստոյկիցան ինձ դուրս բերեց խաղադաշտ, րոպեներ անց ես գոլ խփեցի: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով (1:0): 4 անգամ Իսպանիայի դեմ ենք խաղացել, ափսոս, ոչ մի անգամ հաղթանակ չենք գրանցել, բայց Իսպանիայի նման հզոր թիմերի դեմ խաղալը հեշտ չէր: Շատ ուժեղ խաղեր ենք ունեցել մեր թիմով՝ Պորտուգալիա, որտեղ Ռունալդուի նման հզոր ֆուտբոլիստ էր խաղում, Ֆրանսիա, որտեղ Զիդանն էր: Կարծում եմ՝ այս խաղերը միշտ կմնան մեր եւ երկրպագուների հիշողություններում: Բոլոր հանդիպումների մարզաշապիկները՝ տնային, դրսի, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ընտրական փուլերի խաղերի մարզաշապիկները  պահել եմ եւ հույս ունեմ՝ մի օր հնարավորություն կունենամ Հայաստանում ցուցահանդես կազմակերպել եւ հայ երկրպագուներին ցուցադրել իմ հավաքածուն:

Մենք ֆուտբոլիստ ենք դարձել Հայաստանում, «Փյունիկում», «Էրեբունիում», հայ երկրպագուների աչքի առջեւ, նրանց հետ ու նրանց համար: Մեր առաջին մարզիչը եղել է Համլետ Խաչատրյանի որդին՝ Լեւոն Խաչատրյանը, որն իր ամենակարեւոր ներդրումն է ունեցել մեր կարիրերայում: Ունեցել ենք լավ մարզիչներ՝ Սամվել Պետրոսյան, Խորեն Հովհաննիսյան, Սամվել Դարբինյան: Շատ լավ մարզիչներ ենք ունեցել հավաքականում. կառանձնացնեմ Ստոյկիցային, Վարուժան Սուքիասյանին, Վարդան Մինասյանին, ում հետ մի քանի լավ խաղեր ունեցանք վերջում:

Ինչպե՞ս է եղել անցումը խաղացողի կարիերայից մարզչության: Խաղադաշտում Ձեզ ավելի լավ եք զգում որպես մարզի՞չ, թե՞ խաղացող:

Մարզիչ լինելը շատ դժվար է: Օրինակ, որպես մարզիչ, իմ առաջին մարզմանը շատ տպավորված էի, հուզմունք կար: 10 տարի անց արդեն ես պատրաստ եմ մեծ թիմեր մարզել: Կար հնարավորություն՝ մեծերի թիմերում մարզչություն անել, բայց իմ անձնական որոշումն էր չգնալ, մնալ պատանեկան թիմում եւ աշխատել իմ երեխաների եւ նրանց տարեկիցների հետ, որպեսզի օգնեմ նրանց այս ճանապարհում, տանեմ մինչեւ վերջ:

Երեք որդի ունեմ: Ավագ որդիս 16 տարեկան է, իմ թիմում է խաղում, միջնեկը՝ 15 տարեկան է եւ խաղում է մեր ակումբի իր տարիքայինների թիմում: Կրստեր որդիս նույնպես ֆուտբոլիստ է: Ցանկությունս եւ երազանքս է, որ որդիներս շարունակեն Քարամյան եղբայրների հաջողությունները մեծ ֆուտբոլում: Արտավազդ Քարամյանի որդին նույնպես խաղում է ֆուտբոլ ԱՄՆ-ում «Գոլդեն Սթեյթ» ակումբում: Հույսերը մեծ են, որ մեր որդիները կշարունակեն Քարամյանների պատմությունը:

Վստահ եմ, որ ինձնից լավ ոչ մի մարզիչ չի կարող տալ եւ աշխատել իմ տղաների հետ: Կարող եմ ասել, որ արդեն հաջողել ենք եւ ճիշտ ճանապարհի վրա ենք. Քարամյանների շարունակությունը լինելու է:

Շատ կուզեմ, որ մի օր մեր որդիները Հայաստանի հավաքականում հանդես գան, խաղան հայ երկրպագուների համար, Հայաստանի համար եւ հայկական ֆուտբոլի երկրպագուները մարզադաշտից նույնկերպ երկրպագեն Քարամյան եղբայրներին այնպես, ինչպես մեզ:

Եղել է հնարավորություն եւ առաջարկ, որ աշխատեմ Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, Ռումինիայի պատանեկան հավաքականում, բայց ես իմ եւ իմ որդիների առջեւ դրված նպատակ ունեմ եւ նրանց հետ պետք է անցնեմ այս ճանապարհը: Ունեմ մարզչական լիցենզիա A Pro-ից մեկ աստիճան ցածր կարգ: Շուտով հայտ կներկայացնեմ նաեւ Pro-ի համար, որպեսզի մեծահասակների հետ աշխատելու հնարավորություն ստանամ, քանի որ տղաներս մեծանում են:

Եթե որդիներս հրավեր ստանան Հայաստանի պատանեկան հավաքականից կամ հետագայում մյուս հավաքականներից, սիրով կգանք եւ կխաղանք Հայաստանից: Միջնեկ որդիս, Սուրենն արդեն երկու խաղ է խաղացել Ռումինիայի պատանեկան հավաքականում, մեկ անգամ էլ գոլի հեղինակ է դարձել: Չնայած տղաներս ծնվել են Ռումինիայում, բայց մենք հայ ենք, հայ ենք մնացել, հայավարի ենք ապրում, իմ որդիները ամեն ինչ հասկանում եւ ընկալում են որպես հայ եւ, բնական է, որ շատ կուզենք՝ մի օր մեր որդիները խաղան Հայաստանում:

Հետեւո՞ւմ եք հայկական ֆուտոբլին, հայ ֆուտբոլիսնետներին: Ձեր տարիների խաղացած ֆուտբոլը ինչո՞վ է տարբերում ներկայիս հայկական ֆուտբոլից:

Մեր խաղացած ֆուտբոլն իսկապես տարբեր է ներկայիս խաղից: Մենք մտածում էինք միայն ֆուտբոլի մասին եւ շատ էինք սիրում ֆուտբոլը: Մարզչական խնդիրն էլ կա հայկական ֆուտբոլում: Իմ օրինակով ասեմ. ես մեծ դպրոց անցա ռումինական ֆուտբոլում որպես մարզիչ եւ այն շատ հեռու է հայկականից: Ֆուտբոլիստներին պետք է մանկապատանեկանից սկսած ամեն ինչով ապահովել, որ նրանք աճեն եւ գնան առաջ:

Մեր տարիներին ֆուտբոլիստների մեջ սերը դեպի ֆուտբոլն ու հավատ շատ մեծ է եղել: Քչերը գիտեն, որ ես եւ Արտավազդը մեր ֆուտբոլային կարիերայի ընթացքում մեկ տարի էլ բանակում ենք ծառայել Երեւանում, ինչպես բոլոր զինակոչիկները, ապա «Էրեբունի» թիմի օգնությամբ ազատվեցինք բանակից եւ կրկին նույն սիրով եւ հավատով վերադարձանք ֆուտբոլ: Այսինքն՝ այդ մեկ տարի լիարժեք դադարը ֆուտբոլում մեզ չխանգարեց սիրել ֆուտբոլը, հավատալ մեր ուժերին եւ հասնել մեծ հաջողությունների: Իսկ հիմա շատ է փոխվել ամեն ինչ, հեռախոսներ, պլանշետներ… Ֆուտբոլ  քիչ են խաղում բակերում, դաշտերում: Մենք ամենուր ֆուտբոլ էինք խաղում եւ դրանով էինք ապրում: Վստահ եմ, որ լավ մանկապատանեկան թիմեր, լավ երեխաներ ունենք եւ չի բացառվում, որ մի օր էլ իմ ներուժը դնեմ հայկական մանկապատանեկան ֆուտբոլում:

Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պատանեկան հավաքականը գլխավորելու հրավեր ստանաք, դեմ չեք լինի՞:

Դա յուրաքանչյուր մարզիչի երազանքն է աշխատել եւ իր ներուժը դնել իր երկրի ֆուտբոլի զարգացմանը: Ինչպես արդեն ասացի, շուտով հայտ կներկայացնեմ նաեւ A Pro մարզչական կարգի համար, որպեսզի կարողանամ աշխատել նաեւ մեծերի հետ: Սիրով կհամաձայնեմ, եթե մի օր այդ հնարավորությունը լինի Հայաստանի ազգային հավաքականում կամ մյուս հավաքականներում մարզչական գործունեությունս շարունակել:  

Ինչ վերաբերվում է հայկական ֆուտբոլին, ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում լիարժեք հետեւել: Հետեւում եմ մարզչական փոփոխություններին: Նորմալ աշխատանքային գործընթաց է: Աշխարհի բոլոր երկրներում էլ այդպես է՝ արդյունք ցույց չտվող մարզիչին փոխարինում է մեկ ուրիշը: Դա որեւէ բացասական ազդեցություն չի թողնում թիմի, ֆուտբոլիստների խաղաոճում, խաղամակարդակում: Յուրաքանչյուր նոր մարզիչ պետք է  կարողանա լեզու գտնել թիմի հետ:

Մեր ամենամեծ խնդիրը Հայաստանի առաջնության մակարդակը բարձրացնելն է: Էական չի մարզիչը հայ է, թե արտասահմանցի: Կարեւորն այն է, որ մարզիչը լավ որակներ ունենա եւ մի փոքր էլ բախտ ունենա ֆուտբոլիստներ ունենալու հարցում: Մեկ-երկու ֆուտբոլիստով կամ Հայաստանի առաջնության մասնակից թիմերից հրավիրված ֆուտբոլիտսներով մեր ֆուտբոլը չի զարգանա: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները պետք է եվրոպական խոշոր ակումբներում հանդես գան, ինչպես Հենրիխ Մխիթարյանը եւ մի քանիսը:

Մեր ժամանակ թիմի մեծ մասը խաղում էր դրսում՝ լավագույն ակումբներում: Բոլորս էլ կարողանում էինք դրսում ձեռք բերած կարողությունները ցուցադրել հավաքականի խաղերում: Շատ դժվար է, երբ թիմի հիմնական մասը խաղում է միայն ներքին առաջնությունում, ներքին ակումբներում: Սա է պատճառը, որ Հենրիխ Մխիթարյանն իմ ակումբում փայլուն հանդիպումներ է անցկացնում, հավաքականների խաղում այլ խաղ ցուցադրում: Մեկ հոգով հնարավոր չէ ֆուտբոլ խաղալ: Անհամատեղելի է խաղալ Եվրոպայի խոշոր ակումբներից մեկում աշխարհի ուժեղագույն թիմերի դեմ եւ գալ Հայաստան խաղալ լեռնագործցի մի ֆուտբոլիստի հետ, որը հավաքի ժամանակ կամ հեռուստացույցով է միայն ֆուտբոլիստներին տեսնում:

Իմ կարծիքով, շատ կարեւոր է, որ հայ ֆուտբոլիստները դուրս գան եւ փորձեն իրենց ուժերը այլ առաջնություններում: Միայն այս պարագայում հայկական ֆուտբոլը զարգացում կապրի: Որքան շատ լեգեոնական ունենաս դրսում, այնքան լավ ֆուտբոլ կունենաս: Այս կարգավիճակում Հայաստանի հավաքականի համար աշխարհի, Եվրոպայի եզրափակիչ փուլերում հայտնվելը երկար տարիներ դեռ անհասանելի կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով


  • Լրահոս