Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի հետ: Այս հանդիպումը մեծ ուշադրության է արժանացել բուլղարական լրատվամիջոցների կողմից:
NEWS.am Sport-ի թղթակիցը Սոֆիայում զրուցել է բուլղարական առաջատար մարզական կայքերից մեկի` gong.bg-ի գլխավոր խմբագիր, ռադիոհեռուստահաղորրդավար Նիկոլայ Ալեքսանդրովի հետ:
Նիկոլայ, ի՞նչ արդյունք եք ակընկալում այսօրվա խաղից:
Իհարկե, ես սպասում եմ Բուլղարիայի հավաքականի հաղթանակին, բայց սպասում եմ հետաքրքիր խաղ տեսնել Հայաստանի կողմից, քանի որ բոլորը դեռ հիշում են Հայաստանի հավաքականի փայլուն խաղը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այս երկու թիմերից սպասում ենք հետաքրքիր հանդիպում: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ վերջին տարիներին Բուլղարիայում հետաքրքրությւնը ֆուտբոլի նկատմամբ նվազել է: Անգամ տնային հանդիպումներին ստադիոնները դատարկ են, բայց կարծում եմ Իտալիայի հետ վերջին խաղից հետո մարդիկ կրկին կսկսեն այցելել ստադիոններ:
Իսկ այսօրվա խաղին սպասվո՞ւմ է, որ ստադիոնն ամբողջությամբ կլցվի:
Չեմ կարծում: Ես շատ բարկացած եմ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա, որ խաղը նշանակել է 21։00-ին: Վաղը աշխատանքային օր է: Շատ անհարմար ժամ է: Կարծում եմ տասը հազար երկրպագու կգա ստադիոն: Մի նեղացեք, բայց Հայաստանը չունի Իտալիայի աստղերից, դա էլ իր դերը կունենա:
Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասին:
Գիտեմ Մխիթարյանին, այն ժամանակից երբ նա խաղում էր «Մետալուրգում»: Սոֆիայի ԲԿՄԱ-ն դեռ այն ժամանակ ցանկանում էր գնել նրան, բայց նա շատ թանկ էր մեր թիմի համար:
Ի՞նչ կասեք մեր խմբի մասին: Ի՞նչ կանխատեսում ունեք առաջին երկու տեղերի վերաբերյալ:
Իհարկե, Իտալիան հիմնական ֆավորիտն է: Բայց կարծում եմ նրանք ունեն հավասար հնրավորություններ Չեխիայի եւ Դանիայի հետ առաջին տեղ գրավելու համար: Հայաստանն ու Բուլղարիան առաջին տեղ գրավելու հնարավորություն չունեն: Չեմ կարծում, թե Բուլղարիան կարող է նույնիսկ երկրորդ տեղով դուրս գալ։ Իսկ Հայաստանը կարող է, եթե խաղա այնպես, ինչպես նախորդ անգամ՝ խփելով 22 գնդակ:
Ի՞նչ հաշվով կավարտվի այսօրվա խաղը:
Բուլղարիան կհաղթի մեկ գնդակի առավելությամբ՝ 1։0 կամ 2։1:
Բուլղարիայի հավաքականը կորուստներ ունի: Չեն խաղա մի քանի առաջատարներ:
Չեմ կարծում, որ դրանք կորուստներ են: Բերբատովը 31 տարեկան է: Մարտին Պետրովը 32 տարեկան է: Դա նորմալ է, որ նրանք չխաղան: Սա սերնդափոխություն է: Բերբատովը իր ցանկությամբ է, որ չի խաղում: Ասեմ ավելին, եթե Բերբատովը խաղար՝ մենք կպարտվեինք Իտալիային: Ամբողջ խաղը կկառուցեին նրա շուրջ:
Բուլղարիայի հավաքականը ժամանակին շատ ուժեղ թիմ էր: Այժմ անգամ երկրպագուներն են հոռետեսորեն տրամադված: Ի՞նչ է անում ֆուտբոլի ֆեդերացիան իրավիճակը շտկելու համար:
Ֆեդերացիան ոչինիչ չի անում: Շատ են խնդիրնեը, բայց լուծումներ չկան: Սա բուլղարական ֆուտբոլի սեւ ժամանակաշրջանն է: Գումարներ չկան: Կան միայն մի քանի թիմեր, որոնք կարողանում են նորմալ աշխատավարձեր տալ ֆուտբոլիստներին: Ես չեմ էլ պատկերացնում, թե երբ կլուծվեն խնդիրները:
Վերջին տարիներին արվում է ամեն բան, որպեսզի հետխորհրդային եւ նախկին սոցճամբարի երկները ինտեգրվեն եվրոպական ֆուտբոլին: Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմերի քանակն ավելացել է: Հաջորդ Եվրոյին 16-ի փոխարեն 24 թիմ հանդես կգան: Այս ամենն իրոք կխթանի՞ ֆուտբոլի զարգացումը:
Ոչ, իհարկե: Սա լավ է Հայաստանի եւ Բուլղարայի նման երկրների համար: Բայց ֆուտբոլը կտուժի: Պատկերացնում եք, աշխարհամասի երկների կեսը կմասնակցեն առաջնությանը: Սա շատ սխալ որոշում էր:
Պելեն ասել է, որ աշխարհը կվերանա, երբ վերանա ֆուտբոլը: Կարելի է ասել, որ այսօր խաղադրույքների եւ մեծ գումարների ներդրման պատճառով չկա արդեն այն ֆուտբոլը, որը կյանքից առավել է:
Պելեն այդքան էլ հաջող կանխատեսումներ անող չէ: Բայց այս հարցում կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ հնարավոր է մի օր այդպես էլ լինի: Բայց հուսամ՝ անգամ, եթե ֆուտբոլ այլեւս չլինի, աշխարհը չի վերանա: Ես հույս ունեմ, որ աշխարհի հաջորդ առաջնությանը մենք կտեսնենք իսկական եւ գեղեցիկ ֆուտբոլ: Եվ Պելեն մեծ անելիքներ ունի:
Եվ վերջում, ո՞ւմ եք համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Պատասխանը շատ պարզ է:
Հինգ տառ:
Այո՝ Մեսսի: Աշխարհի հաջորդ առաջնությանը նա կարող է գահընկեց անել Պելեին:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում