ԱԱ-2014. Հայաստանը կարող է երկրորդ տեղ գրավել խմբում, եթե...

16:57   11 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի հետ: Այս հանդիպումը մեծ ուշադրության է արժանացել բուլղարական լրատվամիջոցների կողմից:

NEWS.am Sport-ի թղթակիցը Սոֆիայում զրուցել է բուլղարական առաջատար մարզական կայքերից մեկի` gong.bg-ի գլխավոր խմբագիր, ռադիոհեռուստահաղորրդավար Նիկոլայ Ալեքսանդրովի հետ:

Նիկոլայ, ի՞նչ արդյունք եք ակընկալում այսօրվա խաղից:

Իհարկե, ես սպասում եմ Բուլղարիայի հավաքականի հաղթանակին, բայց սպասում եմ հետաքրքիր խաղ տեսնել Հայաստանի կողմից, քանի որ բոլորը դեռ հիշում են Հայաստանի հավաքականի փայլուն խաղը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այս երկու թիմերից սպասում ենք հետաքրքիր հանդիպում: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ վերջին տարիներին Բուլղարիայում հետաքրքրությւնը ֆուտբոլի նկատմամբ նվազել է: Անգամ տնային հանդիպումներին ստադիոնները դատարկ են, բայց կարծում եմ Իտալիայի հետ վերջին խաղից հետո մարդիկ կրկին կսկսեն այցելել ստադիոններ:

Իսկ այսօրվա խաղին սպասվո՞ւմ է, որ ստադիոնն ամբողջությամբ կլցվի:

Չեմ կարծում: Ես շատ բարկացած եմ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա, որ խաղը նշանակել է 21։00-ին: Վաղը աշխատանքային օր է: Շատ անհարմար ժամ է: Կարծում եմ տասը հազար երկրպագու կգա ստադիոն: Մի նեղացեք, բայց Հայաստանը չունի Իտալիայի աստղերից, դա էլ իր դերը կունենա:

Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասին:

Գիտեմ Մխիթարյանին, այն ժամանակից երբ նա խաղում էր «Մետալուրգում»: Սոֆիայի ԲԿՄԱ-ն դեռ այն ժամանակ ցանկանում էր գնել նրան, բայց նա շատ թանկ էր մեր թիմի համար:

Ի՞նչ կասեք մեր խմբի մասին: Ի՞նչ կանխատեսում ունեք առաջին երկու տեղերի վերաբերյալ:

Իհարկե, Իտալիան հիմնական ֆավորիտն է: Բայց կարծում եմ նրանք ունեն հավասար հնրավորություններ Չեխիայի եւ Դանիայի հետ առաջին տեղ գրավելու համար: Հայաստանն ու Բուլղարիան առաջին տեղ գրավելու հնարավորություն չունեն: Չեմ կարծում, թե Բուլղարիան կարող է նույնիսկ երկրորդ տեղով դուրս գալ։ Իսկ Հայաստանը կարող է, եթե խաղա  այնպես, ինչպես նախորդ անգամ՝ խփելով 22 գնդակ:
 
Ի՞նչ հաշվով կավարտվի այսօրվա խաղը:

Բուլղարիան կհաղթի մեկ գնդակի առավելությամբ՝ 1։0 կամ 2։1:

Բուլղարիայի հավաքականը կորուստներ ունի: Չեն խաղա մի քանի առաջատարներ:

Չեմ կարծում, որ դրանք կորուստներ են: Բերբատովը 31  տարեկան է: Մարտին Պետրովը 32 տարեկան է: Դա նորմալ է, որ նրանք չխաղան: Սա սերնդափոխություն է: Բերբատովը իր ցանկությամբ է, որ չի խաղում: Ասեմ ավելին, եթե Բերբատովը խաղար՝ մենք կպարտվեինք Իտալիային: Ամբողջ խաղը կկառուցեին նրա շուրջ:

Բուլղարիայի հավաքականը ժամանակին շատ ուժեղ թիմ էր: Այժմ անգամ երկրպագուներն են հոռետեսորեն տրամադված: Ի՞նչ է անում ֆուտբոլի ֆեդերացիան իրավիճակը շտկելու համար:

Ֆեդերացիան ոչինիչ չի անում: Շատ են խնդիրնեը, բայց լուծումներ չկան: Սա բուլղարական ֆուտբոլի սեւ ժամանակաշրջանն է: Գումարներ չկան: Կան միայն մի քանի թիմեր, որոնք կարողանում են նորմալ աշխատավարձեր տալ ֆուտբոլիստներին: Ես չեմ էլ պատկերացնում, թե երբ կլուծվեն խնդիրները:

Վերջին տարիներին արվում է ամեն բան, որպեսզի հետխորհրդային եւ նախկին սոցճամբարի երկները ինտեգրվեն եվրոպական ֆուտբոլին: Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմերի քանակն ավելացել է: Հաջորդ Եվրոյին 16-ի փոխարեն 24 թիմ հանդես կգան: Այս ամենն իրոք կխթանի՞ ֆուտբոլի զարգացումը:

Ոչ, իհարկե: Սա լավ է Հայաստանի եւ Բուլղարայի նման երկրների համար: Բայց ֆուտբոլը կտուժի: Պատկերացնում եք, աշխարհամասի երկների կեսը կմասնակցեն առաջնությանը: Սա շատ սխալ որոշում էր:

Պելեն ասել է, որ աշխարհը կվերանա, երբ վերանա ֆուտբոլը: Կարելի է ասել, որ այսօր խաղադրույքների եւ մեծ գումարների ներդրման պատճառով  չկա արդեն այն ֆուտբոլը, որը կյանքից առավել է:

Պելեն այդքան էլ հաջող կանխատեսումներ անող չէ: Բայց այս հարցում կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ հնարավոր է մի օր այդպես էլ լինի: Բայց հուսամ՝ անգամ, եթե ֆուտբոլ այլեւս չլինի, աշխարհը չի վերանա: Ես հույս ունեմ, որ աշխարհի հաջորդ առաջնությանը մենք կտեսնենք իսկական եւ գեղեցիկ ֆուտբոլ: Եվ Պելեն մեծ անելիքներ ունի:

Եվ վերջում, ո՞ւմ եք համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Պատասխանը շատ պարզ է:

Հինգ տառ:

Այո՝ Մեսսի: Աշխարհի հաջորդ առաջնությանը նա կարող է գահընկեց անել Պելեին:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.