09:09  +04,  30 մարտի, 2020

Դավիթ Յուրչենկո. Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում (ֆոտո)

Այս տարվա փետրվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում փորձառու դարպասապահը, որն օրեր առաջ նշեց ծննդյան 34-րդ տարեդարձը, պատմել է Ռուսաստանից Ղազախստան տեղափոխվելու որոշման, կորոնավիրուսի պայմաններում վնասվածքից ապաքինվելու ընթացքի, Հայաստանի հավաքականում իր նպատակների, Ռոման Բերեզովսկու հետ աշխատելու ցանկության և երկրպագուների աջակցության մասին:

Դավիթ, քո կարիերայի գրեթե ամբողջ ընթացքում դու հանդես ես եկել Ռուսաստանի առաջնությունում: Ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը Ղազախստան:

Բարև Ձեզ (Յուրչենկոն ողջունեց մեզ հայերեն` խմբ): Ես բավականին երկար ժամանակ հանդես եմ եկել Ռուսաստանում, սակայն եկել էր փոփոխություն կատարելու պահը: Որոշ ժամանակ դադար վերցրեցի, ավելի շատ ժամանակ սկսեցի անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ կինս հղի էր:

Հունվարին հնարավորություն ունեցա տեղափոխվել Կարագանդայի «Շախտյոր» և որոշեցի ընդունել այդ մարտահրավերը, ինչի համար շատ ուրախ եմ: Ցանկանում եմ ինձ համար նոր առաջնությունում պատմություն կերտել նոր թիմիս հետ:

Քո պաշտոնական նորամուտը Կարագանդայի «Շախտյորի» կազմում հետաձգվեց վնասվածքի պատճառով: Արդեն ապաքինվե՞լ ես վնասվածքից և ինչպե՞ս ես մարզավիճակդ պահպանում կորոնավիրուսով պայմանավորված դադարի պայմաններում:

Ցավոք, դեռ նորամուտս չեմ նշել «Շախտյորի» կազմում: Ուսումնամարզական հավաքի վերջին խաղի ընթացքում ցավեր զգացի և այդ պատճառով չկարողացա օգնել թիմին առաջնության մեկնարկային խաղերում:

Աստիճանաբար ապաքինվում եմ: Անհատական ծրագրով մարզվում եմ մարզասրահում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հնարավորություն չունեմ մարզվել խոտածածկի վրա, սակայն մարզասրահում վարժություններ կատարում եմ նաև գնդակով:

Վերջին տարիներին երկրպագուները սպասում էին քեզ Հայաստանի հավաքականում, սակայն միայն 1 ամիս առաջ ընդունեցիր հավաքականի հրավերը: Կխնդրեմ մանրամասն ներկայացնես Ռուսաստանում հանդես գալու ընթացքում Հայաստանի հավաքականին մերժելու պատճառները և, ի վերջո, ազգային թիմի հրավերն ընդունելու որոշումը:

Ես երբեք չեմ հրաժարվել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, թեև մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ինձ խանգարում էին միանալ ազգային թիմին: Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանի առաջնությունում ես կհամարվեի լեգեոներ, իսկ այնտեղ լեգեոներ-դարպասապահների համար շատ դժվար է ակումբ գտնելը:

Փառք Աստծո, հայ ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվելու ԵԱՏՄ անդամ երկրներում, և դա ինձ հնարավորություն տվեց միանալ հավաքականին: Մեծ ցանկություն ունեմ արժանանալ Հայաստանի հավաքականի երկրպագուների սիրուն և հարգանքին: Ամեն ինչ կանեմ դրա համար:

Հայաստանի հավաքականի հետ կապված ի՞նչ նպատակներ ունես:

Առաջնային նպատակս Հայաստանի հավաքականի կազմում իմ մշտական տեղն ունենալն է, թեեւ հավաքականում կան նաև այլ բարձրակարգ դարպասապահներ: Ցանկանում եմ իմ խաղով օգտակար լինել Հայաստանին և ազգային հավաքականին: Չեմ համբերում, թե երբ եմ դառնալու մեծ ընտանիքի մի մասնիկը: Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ է ինձ համար:

Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը: Ի՞նչ սպասելիքներ ունես «Սևիլիայի» նախկին մարզիչի հետ աշխատանքից:

Խոակին Կապարոսի նշանակումը մեծ քայլ է հավաքականի խաղի որակը բարելավելու և հայկական ֆուտբոլի զարգացման համար: Նրանից օրինակ կվերցնեն բոլորը, նույնիսկ երիտասարդական թիմերի մարզիչները: Ուրախ կլինեմ աշխատել նման բարձրակարգ մասնագետի հետ և ծանոթանալ իսպանական մտածելակերպին ու ֆուտբոլային փիլիսոփայությանը:

Օրերս նշեցիր ծննդյանդ 34-րդ տարեդարձը, ինչի առթիվ շնորհավորում ենք քեզ: Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մինչև 42 տարեկանը պաշտպանում էր հավաքականի դարպասը: Պատրա՞ստ ես կրկնել Բերեզովսկու ցուցանիշը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Կարծում եմ, որ տարիքը միայն թիվ է: Կարևորն այն է, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում ֆուտբոլիստը և ինչ խաղ է ցուցադրում խաղադաշտում: Ամեն մարզումից և հանդիպումից հետո ավելի փորձառու եմ դառնում:

Ռոման Բերեզովսկին, անկասկած, Հայաստանի հավաքականի իսկական լեգենդն է: Պատիվ եմ ունեցել ծանոթանալ նրա հետ, երբ դեռ 16 տարեկան էի, իսկ Բերեզովսկին այդ ժամանակ խաղում էր «Խիմկիում»:

Շատ դժվար կլինի կրկնել Ռոման Անատոլիևիչի արդյունքը, սակայն նրա օգնությամբ և խորհուրդներով, կարծում եմ, կկարողանամ դառնալ այն դարպասապահը, որը պետք է հավաքականին:

Կցանկանա՞ս դիմել Հայաստանի հավաքականի երկրպագուներին: 

Իհարկե: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին աջակցության համար, յուրաքանչյուր երկրպագուին անհատապես: Ֆեյսբուքով և Ինստագրամով շատ հաղորդագրություններ եմ ստացել այն երկրպագուներից, որոնք ցանկանում են ինձ տեսնել հավաքականում: Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար ինչպես ստադիոնում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Անհամբերությամբ սպասում եմ երկրպագուների հետ շփմանն արդեն որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Հաջողություն ենք մաղթում ակումբի և հավաքականի կազմում:

Ձեզ նույնպես շնորհակալություն:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով