17:33  ,  6 մարտի, 2020

Փաշիկ Ալավերդյան․ Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունը չի անցկացվի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է չանցկացվի, այդ պատաճռով առայժմ չեմ կարող հայտարարել հավաքականի կազմը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը վերջին վարկանիշայինն է լինելու հայ ծանրորդների համար Տոկիո-2020–ի Օլիմպիական խաղերից առաջ։

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնության մասնակիցների ցանկը, ըստ որի Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում ունենալու է 13 մասնակից։ Տղամարդկանց պայքարում Փաշիկ Ալավերդյանը հայտավորել է Անդրանիկ Կարապետյանին (81 կգ), Հակոբ Մկրտչյանին ու Կարեն Ավագյանին (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին (96 կգ), Սամվել Գասպարյանին ու Արսեն Մարտիրոսյանին (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ), Գոռ Մինասյանին եւ Վարազդատ Լալայանին (+109 կգ): Կանանց պայքարում հայտավորված են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

«Դեռ պարզ չի՝ կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, թե ոչ։ Առհասարակ պարզ չի, Եվրոպայի առաջնությունը կայանալու է, թե ոչ։ Կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր է այս առաջնությունն էլ հետաձգվի։

Երիտասարդների աշխարհի առաջնությունն օրինակ չեղարկվեց։ Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունն էլ կհետաձգվի։ Դեռ կազմ չեմ կարող հայտարարել։ Նույնիսկ ինքնաթիռի տոսմերը չենք ցանկանում գնել, քանի որ հետաձգվելու դեպքում մեզ այդ գումարները հետ չեն վերադարձնելու։ Եթե ոչինչ չփոխվի եւ որոշվի, որ ամեն դեպքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, Մոսկվա մեկնելուց 5 օր առաջ կհայտարարեմ կազմը։ Չեմ կարծում, որ լինի։ Այդ վիրուսը Մոսկվայում էլ է արդեն տարածվել, Լենինգրադում կա։

Մենք նույն տեմպով շարունակում ենք մեր մարզումները։ Տղաները լավ մարզավիճակ ունեն, վնասվածքներ չունենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայաստանի հավաքականը դեռեւս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով