14:26  ,  16 փետրվարի, 2020

Գվարդիոլան պայմանագրի ավարտից շուտ չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիին» եվրագավաթային մրցաշարերից երկու տարով հեռացնելու հանգամանքը չի ազդի անգլիական թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերի վրա։ 49-ամյա մասնագետը մտադիր չէ պայմանագրի ավարտից շուտ հեռանալ մանչեսթերյան ակումբից, հաղորդում է Sport.es-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որն անցած ամռանը չկարողացավ համաձայնության հասնել նրա հետ։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով հեռացրել է Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներից, նաեւ տուգանել 30 միլիոն եվրոյով ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար։

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

«Մանչեսթեր Սիթին» չի ընդունել մեղադրանքը եւ դիմելու է մարզական վճռաբեկ դատարան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English