09:44  ,  15 հունվարի, 2020

Արմեն Նազարյան․ Արթուր Ալեքսանյանը կնվաճի իր երկրորդ օլիմպիական ոսկին

Օլիմպիական խաղերից առաջ Լեւոն Ջուլֆալակյանիը պետք է չհեռանար հավաքականից, բայց թիմի վրա դա չի ազդել եւ Տոկիո-2020 մեծ հաջողություններ կունենանք, Ալեքսանյանը կնվաճի իր երկրորդ օլիմպիական ոսկին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Այս օրերին նա իր գլխավորած թիմի հետ հայրենիքում է եւ համատեղ հավաք է անցկացնում Հայաստանի հավաքականի հետ:

NEWS.am Sport-ը հանդիպել է Արմեն Նազարյանի հետ, զրուցել երեւանյան հավաքի, հայ ըմբիշների հնարավորությունների, Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի եւ դրա ազդեցության մասին, ինչպես նաեւ լսել նրա օլիմպիական  կանխատեսումները Հայաստանի հավաքականի համար:

Պարոն Նազարյան, կարծես, ավանդույթ է դարձել Ձեր գլխավորած հավաքականի համատեղ հավաքը Հայաստանում՝ ազգային հավաքականի հետ: Ինչպե՞ս է անցնում հերթական հավաքը:

Հաճելի է հայրենիքում տեսնել իմ թիմին՝ Հայաստանի թիմի հետ մարզվելիս: Մեծ հնարավորություն է փորձի փոխանակման, արդյունավետ մարզումների, ուժեղագույն սփարինգ-զույգերով աշխատելու համար: Հատուկ եմ տարեսկզբում ընտրում հայաստանյան հավաքը: Հերթական հավաքը կրկին շատ լավ է անցնում:

Հայաստանի հավաքականն արդեն երկու օլիմպիական ուղեգիր ունի: Ի՞նչ կանխատեսումներ ունեք մեր հավաքականի համար:

Կարծում եմ՝ թիմը չի բավարարվի երկու ուղեգրով: Շատ ուժեղ թիմ ունենք, մեր տղաներն, իսկապես, մրցունակ են եւ բոլորն էլ մոտ են օլիմպիական ուղեգրին եւ մեդալներին: Վստահ եմ, որ դեռ ուղեգրերի քանակը կավելանա: Կարծում եմ, որ բոլոր 6 քաշային կարգերում էլ Հայաստանը կունենա մասնակիցներ ու ոչ միայն մասնակիցներ, այլեւ մեդալակիրներ: Մասնակցությունը մեզ համար հպարտություն չէ, նպատակը մեդալ նվաճելն է:

Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ NEWS.am Sport-ին տված հարցազրույցում կանխատեսեցիք, որ Արթուր Ալեքսանյանը կդառնա օլիմպիական չեմպիոն: Տոկիո-2020-ում կհաջողվի Արթուրին կրկնել Ռիոյի հաղթանակը:

Համոզված եմ, որ Արթուրին կհաջողվի կրկնել այդ հաղթանակը եւ հռչակվել կրկնակի օլիմպիական չեմպիոն: Նա շատ մոտ է այդ հաջողությանը: Իրականում Հայաստանի հավաքականից բոլորն էլ մոտ են օլիմպիական մեդալներին: Ես հիշում եմ իմ այդ կանխատեսումը. ասացի, որ Ռիո-2016-ում սառույցը կկոտրվի եւ Արթուրը կդառնա օլիմպիական չեմպիոն: Հիմա նույն կանխատեսումը կանեմ եւ կասեմ, որ Արթուրը կդառնա կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շատ ուժեղ ըմբիշ է: Նրա մեջ հաղթողն է ապրում: Նկատել եմ, որ ռուսներն այժմ աշխատում են Արթուրի վրա, փորձում են նրա թույլ կողմերը գտնել, ուսումնասիրում են, թե ինչպես նրան հունից հանել գորգի վրա, բայց նա այդ ամենը կհաղթահարի:

Նախաօլիմպիական տարում թիմից հեռացավ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը: Ըստ Ձեզ, այս իրադարձություններն բացասական ազդեցություն չեն թողնի՞ թիմի վրա Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում:

Տեղյակ եմ բոլոր իրադարձություններից: Չեմ կարծում, որ այդ փոփոխություններն իրենց բացասական ազդեցությունը թողնեն թիմի վրա, թիմի հոգեբանության վրա: Աշխարհի առաջնությունում էլ տեսա, որ ոչինչ չի ազդել:

Այժմ էլ հետեւում եմ տղաներին մարզումների ընթացքին: Նույն ոգով աշխատում են,  մարզվում են, հաջողություններ ունեն: Մարզիկի համար պետք է նշանակություն չունենա՝ ինչ է տեղի ունենում մարզչական շտաբում: Ովքեր ուզում են հաղթող լինել, աշխատում են, ձգտում եւ հասնում:

Այս թիմն արդեն լավ հիմք ունի: Պետք է միայն ճիշտ աշխատանքային պլան գծել եւ թիմին տանել առաջ: Հայաստանի թիմն այս պահին ուժեղ մարզիչներով է համալրված, բոլորն էլ շատ լավ են աշխատում: Երեք մարզիչներն էլ ամեն ինչ անում են, որ թիմը եւ ըմբիշներ մեծ հաջողությունների հասնեն: Ոչ միայն երեք մարզիչները՝ Էդուարդ Սահակյանը, Գեւորգ Ալեքսանյանը եւ Սամվել Գեւորգյանը, այլ բոլոր ըմբիշների անձնական մարզիչները մեծ աշխատանք են տանում: Արդյունքն անպայման կլինի:

Ինչ վերաբերում է Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականին, գտնում եմ, որ Օլիմպիական խաղերից առաջ պետք չէր հրաժարական տալ:

Քանի որ հրաժարականի բուն պատճառը Չալյան-Ջուլֆալակյան խնդիրն էր  77 կգ քաշային կարգում,  ի՞նչ կասեք այս երկու ըմբիշների մասին: Որպես մասնագետ՝ այս շրջանում նրանցից ո՞վ կարող է օլիմպիական մեդալ նվաճել:

Երկուսն էլ ունեն այդ հնարավորությունը, երկուսն էլ արժանի են, բայց կան որոշ խնդիրներ: Կարապետ Չալյանը ուժեղ ըմբիշ է: Կարողանում է գեղեցիկ գոտեմարտեր անցկացնել: Այս իրադարձություններից հետո աշխարհի առաջնությունում ուշադիր հետեւեցի նրա գոտեմարտերին: Փայլուն հաղթանակներ տարավ ու շատ անսպասելի պարտվեց կիսաեզրափակիչում, նույնը նաեւ բրոնզե մեդալի համար պայքարում: 5-րդ տեղ ընկավ, ուղեգիր վերցրեց, բայց մեդալ չկարողացավ նվաճել:

Պատճառը շատ ուզելն էր: Երբ շատ ես ուզում հաղթել, մի տեղ սխալվում ես: Շտապեց, չպահեց իր ուժը գորգի կենտրոնում, երկու գոտեմարտերի դեպքում էլ թռավ մրցակցի վրա: Չվստահեց իր ուժերին: Նրան պակասում է համբերությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Պետք է անպայման պահել այն մրցագորգում: Չալյանը շատ հանգիստ կարող էր աշխարհի չեմպիոն դառնալ, եթե չշտապեր: Ամեն դեպքում նա դեռ երիտասարդ է,  հոգեպես պատրաստ պայքարի եւ այդ պայքարն անպայման հաղթանակով է լինելու:

Արսեն Ջուլֆալակյանը  տիտղոսակիր, մեծ ըմբիշ է, բարձր նվաճումներ է  ունեցել մեծ սպորտում: Հիմա, եթե ճիշտը խոսենք, արդեն տարիքային խնդիր ունի: Տարիք խանգարում է նրան նույն բարձր նվաճումները, հաղթանակները ունենալ: Վերջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Իհարկե, չեմ ուզում սխալվել, գուցե նախավերջին լինի, կամ դեռ հերթականը: Ամեն դեպքում, հիմա նրան չեմ տեսնում գորգում՝ մարզումների ժամանակ եւ չեմ կարող ասել, թե այժմ ինչ մարզավիճակում է: Այս հավաքին չի մասնակցում: Տեսա նրա գոտեմարտը Ռոման Վլասովի հետ. պայքարեց մինչեւ վերջ, բայց մի տեղ թուլացավ եւ միավոր տվեց: Գուցե նա անհատական է այժմ մարզվում, տեղյակ չեմ՝ ինչ ծրագրեր ունի:  Գուցե դեռ ցանկություն ունի մասնակցել մրցաշարերի, ապացուցել…

Ամեն դեպքում ըմբշամարտում տարիքն իր դերն ունենում է: Իսկ Արսենն արդեն տարիքով տղա է եւ չի կարող ամեն ինչ անել այնպես, ինչպես դա անում է 20 տարեկանը: Դիմացկունությունը գուցե չբավարարի 4-5 գոտեմարտ անընդմեջ հաղթել:  

Օլիմպիական ուղեգրերի են հավակնում նաեւ մեր մյուս քաշայինները՝ Մաքսիմ Մանուկյանը, Սլավիկ Գալստյանը, նույն քաշում նաեւ Կարեն Ասլանյանը: Նրանցից ի՞նչ ակնկալիքներ կան:

Բոլորն են հավակնում օլիմպիական մեդալների: Մաքսիմը  «կլասիկ» ըմբիշ է, շատ գեղեցիկ հնարքներ անող եւ դիտարժան գոտեմարտեր անցկացնող: Իրոք, հայկական ըմբշամարտում ամենագեղեցիկ հնարքներ անողը Մաքսիմ Մանուկյանն է: Նրան չի բավարարում միայն շնչառությունը, ինչը շուտ թուլացնում է ֆիզիկապես: Պետք է աշխատի շնչառության վրա:

Սլավիկ Գալստյանը երիտասարդ ու շատ լավ ըմբիշ է: Տարբերվող է, ոչ բոլորն են կարող նրա հետ գոտեմարտ անցկացնել ու հաղթել: Ի դեպ, նա շատ վստահ է իրեն զգում գորգում: Թասիբով է գոտեմարտում: Աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Ստեփան Մարյանյանի հետ պայքարում Սլավիկը մեղավոր չէր, որ պարտվեց. մրցավարներն այդպես ուզեցին:

Կարեն Ասլանյանն էլ կռիվ տվող ըմբիշ է: Նա էլ Չալյանի պես շատ է ուզում հաղթել, ուզում է շուտ միավորներ վերցնել, մրցավարների հետ կռիվ է տալիս, ինչի արդյունքում մրցավարները մշտապես նրան չեմ համակրում: Եթե նա հանգիստ գոտեմարտի, վստահ մեծ հաղթանակներ կունենա:

Պարոն Նազարյան, մեր հավաքականից ո՞ւմ եք նմանեցնում Ձեզ գոտեմարտելու ոճով:

Երիտասարդների մեջ եմ տեսնում իմ ոճով գոտեմարտող: Ես միշտ մտածել եմ երկկողմանի հնարքներ անել, մի հնարք անելիս զարգացնել կոմբինացիան, որպեսզի մրցակիցներս չկարողանան պաշտպանվել, չիմանան՝ որ կողմից պաշտպանվել: Հիմա այդ նույնը տեսնում եմ երիտասարդների մեջ: Դրա համար ըմբիշներին միշտ խորհուրդ եմ տալիս աշխատել հնարքների կոմբինացիայի կատարելագործման վրա, որպեսզի գորգում մրցակցին որեւէ հնարավորություն չտրվի պաշտպանվելու:

Հիշում եմ, 2003 թվականին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունում երեք գոտեմարտ անընդմեջ բժիշկները կանգնեցրին պայքարը ու երեքի դեպքում էլ մրցակիցներիս պատգարակներով տարան գորգից: Իրար հաջորդող այնքան շատ հնարքներ էի անում, որ վնասվածքներ էին ստանում: Մասնավորապես, իմ հիմնական հնարքից՝ հետ գցումից հետո գլխի վնասվածք էին ստանում: Այդ առաջնությունում նկատողություն ստացա մրցավարներից, որ այլեւս հետ գցում չանեմ, եթե մրցակցի գլուխը ներքեւում է, հակառակ դեպքում միավորներս չէին հաշվի: Ես էլ ստիպված սկսեցի ձեռքս դնել նրանց գլխի տակ հետ գլորում անելիս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով