09:09  ,  14 դեկտեմբերի, 2019

#Corner. Թեժ պայքար` ՀՖՖ նախագահի պաշտոնի համար, հարցազրույց Մոուրինյոյի նախկին օգնականի հետ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 57-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում հրապարակվեցին ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների թեկնածուների անունները։ Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։

ՀՖՖ-ի նախաձեռնությամբ Armenia Marriott հյուրանոցում տեղի ունեցավ մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ 300 հայ մարզիչների մասնակցությամբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցեցին նաեւ Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում» աշխատած անվանի իսպանացի մասնագետ Այտոր Կարանկան, նրա օգնական Խուան Վիլան եւ անգլիական «Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան:

#Corner-ը ներկայացնում է հետաքրքիր ռեպորտաժներ երկու միջոցառումներից էլ, հարցազրույցներ Մելենդեսի, Կարանկայի, Օրտայի եւ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ։

Հենրիխ Մխիթարյանը խաղաց «Ինտերի» դեմ եւ մասնակցեց երկրպագուների հետ հանդիպմանը՝ պատմելով Լիոնել Մեսիի հետ դիմակայության մասին։ Վարազդատ Հարոյանը «Ուրալի» կազմում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, Արմեն Հովհաննիսյանն աչքի ընկավ Սլովակիայի Սուպերլիգայի երկրորդ խաղում անընդմեջ։ Ամփոփում ենք հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում։

Հայկական ակումբները սկսել են ակտիվ սելեկցիոն գործունեություն։ «Մոնակոյի», Կիեւի «Դինամոյի» եւ Նիգերիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Հարունա Լուկմանը համալրեց «Արարատը», «Արարատ-Արմենիան» պայմանագիր կնքեց Մարկոս Պիզելիի հետ, «Փյունիկը» խզեց պայմանագիրը Դմիտրի Սիչյովի հետ, որն այդպես էլ ոչ մի րոպե չխաղաց երեւանյան ակումբում։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը չերկարաձգեց պայմանագիրը «Ալաշկերտի» հետ եւ ավարտեց կարիերան։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով