16:40  ,  26 նոյեմբերի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները․ Հաբեթնակ Կուրղինյանի ամփոփումը (ֆոտո)

Հայտի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները: Մրցաշարն անցկացրեց Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» նորակառույց մարզադպրոցում: Մասնակցում էր 75 ըմբիշ: Չէին մասնակցում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն:

Հայաստանի չեմպիոններ դարձան․

57 կգ՝ Միհրան Ջաբուրյան

61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան

65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան

70 կգ՝ Գեւորգ Մխեյան

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

79կգ՝ Արման Ավագյան

86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան

92 կգ՝ Մարզպետ Գալստյան

97 կգ՝ Սարգիս Հովսեփյան

125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը բավարար է գնահատում առաջնության արդյունքներն ու մասնակցությունը:

«Որակական առումով, ինչ ունեինք, սա էր: Մասնակիցների քանակը մի փոքր քիչ էր: Մտահոգվելու առիթ կա: Այն տղաները, որոնք մասնակցեցին, իրենց հնարավորությունների սահմանում լավ մարզավիճակում էին:

Գրեթե բոլորը մասնակցում էին, բացի Արսեն Հարությունյանից: Եվրոպայի չեմպիոնը փոքր վնասվածքներ ունի, այս փուլում վերականգնվում է:

Այստեղից սկսում ենք հաջորդ օլիմպիական տարվա մեկնարկը: Ծաղկաձորում հավաք կանցկացնենք, որին կմասնակցեն հավաքականի բոլոր անդամները: Հավաքից հետո Իրանում կմասնակցենք միջազգային մրցաշարի:

Փետրվարին Եվրոպայի առաջնությունն է, որից հետո կարեւորագույն երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարերը՝ մարտ եւ ապրիլ ամիսներին:

Այսօրվա մեր մակարդակն այն վիճակում է, որ դեռ շատ աշխատելու տեղ ունենք մինչեւ վարկանիշային մրցաշարեր: Ժամանակը կարճ է, բայց անելիքներ շատ ունենք:

Օլիմպիական ուղեգրերի ակնկալիք ունեմ 57, 65 կգ քաշային կարգերում: Կարծում եմ՝ Լեւան Բերիանիձեին էլ կհաջողվի ուղեգիր նվաճել»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հայաստանի առաջնությունում ինտրիգային գոտեմարտեր գրեթե չկային: Նոր անուններ նույնպես չեղան: Հիշեցնենք, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռեւս չունի: Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում ազատ ոճայինները ոչ մեդալ նվաճեցին, ոչ՝ ուղեգիր: Հայաստանի առաջնությունից հետո թիմը կնախապատրաստավի օլիմպիական վարկանիշային մրցաշարերին եւ Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում