10:16  +04,  3 նոյեմբերի, 2019

Գաբրիել Սարգսյան․ Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել

Ռուսաստանի հետ խաղում ծանր պարտություն կրելուց հետո կորցրեցինք չեմպիոն դառնալու հույսը: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակային տեղ զբաղեցնել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում Բաթումիից ասաց գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը՝ մեկնաբանելով ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը Բաթումիում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 13 միավոր։

«Ընդհանուր արդյունքը նորմալ էր: Եվրոպայի առաջնությունից առաջ ես, Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը ծանր մրցաշար անցկացրինք FIDE Chess.com Grand Swiss-ում: Հոգնածություն կար: Պայքարեցինք, բայց մի քանի կարեւոր խաղեր հաջող չստացվեցին: Մեր հնարավորությունները չօգտագործեցինք:

Ռուսաստանին չպետք է պարտվեինք: Ուկրաինայի հետ շատ լավ հնարավորություններ ունեինք հաղթելու, ոչ ոքի արեցինք: Անգլիայի հետ խաղում էլ լավ հնարավորություններ ունեինք, բայց պարտվեցինք: Այս երեք թիմերի հետ պայքարում միավորներ կորցրինք եւ նրանք մեզնից առաջ հայտնվեցին:

Վերջին տուրում Հունաստանին հաղթելուց հետո էլ հնարավորություն ունեինք երրորդ մրցանակային տեղ զբաղեցնել, բայց դա արդեն մեզնից կախված չէր: Ամեն դեպքում թիմը, տղաներն ամեն ինչ արեցին իրենց ուժերի սահմաններում: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակակիր դառնալ, բայց չստացվեց: Հետեւություններ կանենք եւ հաջորդ անգամ ավելի հաջող հանդես կգանք»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստերի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում ամենաբարդ մրցախաղը ստացվեց Ադրբեջանի հետ, իսկ ամենածանր պարտությունը Ռուսաստանից կրածն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ԵԱ-ի 8-րդ տուրում 2.5 : 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթել էր Էլտաջ Սաֆարլիին, իսկ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի էին խաղացել:

«Ամենակարեւոր հաղթանակը Ադրբեջանի հետ խաղում էր: Մեզ համար, կարծում եմ, նաեւ նրանց համար սովորաբար հոգեբանական առումով ամենաբարդ խաղն է ստացվում: Այստեղ մենք նրանց հետ խաղացինք պարտությունից հետո, ինչը կրկնակի դժվարացրեց խաղը: Սովորաբար, պարտությունից հետո ցանկալի է մի քիչ ավելի թեթեւ մրցակցի հետ խաղալ: Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել: Ու միշտ է այդպես բարդ ու նյարդային լինում նրանց հետ խաղալը: Այդ հաղթանակը հոգեբանական առումով շատ կարեւոր էր մեզ համար:

Ռուսաստանի հետ շատ կարեւոր տուրում պարտվեցինք բարդ խաղում: Ռուսաստանի հետ խաղերը միշտ շատ սկզբունքային են լինում: Ռուսաստանի թիմը շատ ուժեղ է, բայց մեզ հետ միշտ վատ են խաղում: Բազմիցս հաղթել ենք նրանց: Այս մրցաշարում էլ էինք մոտ հաղթանակի սկզբում, հետո բաց թողեցինք, վերջում էլ ոչ ոքի կարող էինք անել: Ես հաղթած դիրք ունեի, ուղղակի խաղի 7-րդ ժամին՝ վերջում վրիպեցի: Շատ ծանր պարտություն էր մեզ համար: Այդ պարտությունից հետո կորցրեցինք վստահությունը, որ կարող ենք չեմպիոն դառնալ»,- նշեց գրոսմայստերը:

Գաբրիել Սարգսյանը նաեւ առանձնացրեց Հայաստանի հավաքականի թիմային աշխատանը, թիմում տիրող մթնոլորտը: Հայաստանի հավաքականի անդամը հույս հայտնեց, որ այս կազմով թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել:

«Բաթումիում տղամարդկանց Հայաստանի թիմը փայլուն աշխատանք տարավ: Մեր թիմը շատ լավ վիճակում է, մթնոլորտն էլ շատ լավ է: Այդ առումով դրական է, երբ նոր խաղացողներ են հայտնվում, միանգամից մերվում են թիմի անդամների հետ, մեկ ընտանիք ենք դառնում: Սա պարզապես խոսքեր չեմ ասում. հիմա թիմում շատ լավ մթնոլորտ է, իրար նվիրված: Հուսադրող է. մենք ապագայում կարող ենք այս թիմով մեծ հաջողությունների հասնել»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումիում խաղացին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Արման Փաշիկյանը:

Տղամարդկանց Հայաստանի թիմը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթեց Ադրբեջանին, Հունաստանին, Սլովենիային, Չեխիային, Խորվաթիային եւ Նորվեգիային, ոչ ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ, պարտվեց Ռուսաստանին եւ Անգլիային:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ