10:55  ,  28 հոկտեմբերի, 2019

Պատմության մեջ առաջին անգամ WTA-ի ամփոփիչ մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացված չէ

Թենիսի կանանց WTA ամփոփիչ մրցաշարը 49 տարվա պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է առանց ԱՄՆ-ի ներկայացուցիչների, հաղորդում է AP-ն։ Այս մրցաշարի պատմության մեջ չորս անգամ ԱՄՆ-ն ներկայացված չի եղել մենախաղում (2006, 2010, 2011, 2015), սակայն այդ տարիներին գոնե մեկ ամերիկացի մասնակցել է զուգախաղի մրցմանը։ Այս տարի զուգախաղում եւս ԱՄՆ-ն մասնակից չունի։

Ամերիկացիներից նախորդ անգամ WTA-ի ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը՝ 2014-ին։ Այս տարի նա բաց կթողնի մրցաշարը, քանի որ 9-րդն է համաշխարհային դասակարգման աղյուսակում։ Սերենա Ուիլյամսն այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է հինգ անգամ։

WTA-ի ամփոփիչ մրցաշարն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում։ Մենախաղի մրցմանը մասնակցում են ավստրալացի Էշլի Բարտին, կանադացի Բյանկա Անդրեեսկուն, շվեյցարացի Բելինդա Բենչիչը, չեխեր Պետրա Կվիտովան ու Կարոլինա Պլիշկովան, ճապոնացի Նաոմի Օսական, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան եւ ռումինացի Սիմոնա Հալեպը։

Մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 14 միլիոն դոլար։ Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում