12:15  ,  24 սեպտեմբերի, 2019

Ինչո՞ւ Հայաստանի հավաքականի ավագն ու մարզիչը չեն մասնակցել FIFA The Best-ի քվեարկությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է, թե ինչու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն մասնակցել FIFA The Best-ի  քվեարկությանը՝ պատասխանելով NEWS.am Sport-ի հարցմանը։

«Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ։ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները: Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը»,- նշվում է ՀՖՖ-ի պաշտոնական մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, լավագույն մարզիչ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում