21:42  +04,  20 սեպտեմբերի, 2019

Փաշիկ Ալավերդյանը՝ Թաիլանդից․ Թիմը լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնությանը

Թիմը լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնությանը, վնասվածքներ չունենք, տրամադրվածությունը մարտական է։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թաիլանդից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Սեպտեմբերի 18-ին Թաիլանդի Պատայա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը մասնակցում է 9 մարզիկով: Տղամարդկանց պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 2016 թ․ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն, 2018 թ․ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ), 2019թ․ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը (+109) կգ։ Կանանց պայքարում հանդես կգան Իզաբելա Յայլյան՝ 59 կգ, Տաթեւ Հակոբյան՝ 87 կգ:

«Թիմն արդեն մրցավայրում է եւ առաջին մարզումն ենք անում Թաիլանդում։ Ամեն ինչ շատ լավ է, տրամադրվածությունը մարտական է։ Տղաները լավ մարզավիճակում են, վնասվածքներ չունենք։ Սպասելիքներ կան։ Այս աշխարհի առաջնությունն ամենակարեւորն է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար։ Վարկանիշային է։ Թիմին դեռեւս հասնում է 2-ական ուղեգիր՝ 2 տղաներին, 2 կանանց։

Բացի այս աշխարհի առաջնությունից, դեռ ունենք վարկանիշային մրցաշար։ Բայց ամենակարեւորն այս առաջնությունն է՝ ասում են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները Օլիմպիական խաղերի համար «ոսկե» միավորներ են տալիս։ Դեռ շատ հարցեր կան։ Օրինակ՝ մինչ այս Եգիպտոսի հավաքականին թույլ տալիս էին մասնակցել Օլիմպիական խաղերին։ Այժմ թույլ չեն տալիս։

Հունվարին նոր պարզ կլինի՝ մենք ինչ հնարավորություններ ունենք։ Գուցե տեղեր ազատվի։ Շատ կարեւոր է աշխարհի առաջնությունում տղաների լավ մասնակցությունը։ Կենտրոնացած ենք աշխարհի առաջնության վրա»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Սեպտեմբերի 21-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարի դուրս կգա կանանց հավաքականի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը 207 կգ երկամարտի արդյունքով զբաղեցրել էր 5-րդ տեղը, պոկում վարժությունում էլ նվաճել փոքր արծաթ։ Յայլյանը հանդես կգա B խմբում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի սեպտեմբերի 22-ին։ Առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը։ Սեպտեմբերի 23-ին հանդես կգան Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 25-ին՝ Տաթեւ Հակոբյանը,  սեպտեմբերի 26-ին՝ Սիմոն Մարտիրոսյանը, սեպտեմբերի 27-ին՝ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: