10:22  +04,  5 հուլիսի, 2019

Կարապետ Չալյան․ Մինսկում արծաթե մեդալակիր դարձա անարդար մրցավարության պատճառով

Եվրոպական խաղերում պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել, բայց անարդար մրցավարության պատճառով արծաթե մեդալակիր դարձա: Իմ մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտի մրցավարները որակազրկվել են, բայց դա ոչինչ չի փոխում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը:

77 կգ քաշային կարգի եզրափակիչում Չալյանի մրցակիցը գործող աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինն էր, որին Չալյանը պարտվեց 6։7 հաշվով։ Առաջին մրցափուլում 0։5 հաշվով պարտվելուց հետո, երկրորդում հայ ըմբիշը կարողացավ հաղթել 6։2 հաշվով, սակայն ավելին անել Չալյանը չհասցրեց։

Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերում անցկացրեց 4 գոտեմարտ: Մինչեւ եզրափակիչ հասնելը ըմբիշը 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին, քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով՝ պարտության էր մատնել մոլդովացի Իգոր Բեշլեագային, կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաշ Լորինչին։

Կարապետ, ինչպե՞ս ես գնահատում մասնակցությունդ Եվրոպական խաղերում:

Մասնակցությունս դրական եմ գնահատում: Գնացել էի ոսկե մեդալի հետեւից, բայց չստացվեց: Կողմնակալ մրցավարության հետեւանքով չկարողացա ոսկե մեդալ նվաճել: Ամեն դեպքում այն արդյունքները, որոնք գրանցեցի, լավ էին:

Այսինքն՝ եզրափակիչում անարդար մրցավարության պատճառով զրկվեցի՞ր ոսկե մեդալից:

Եզրափակիչում իրոք կողմնակալ մրցավարություն էր, եւ դա բոլորը տեսան: Եթե չեմ սխալվում այդ գոտեմարտի մրցավարները որակազրկվել են: Դա, իհարկե, հարցի լուծում չի...

Ըստ քեզ՝ մրցակիցդ զիջո՞ւմ էր քեզ ուժով:

Ոչ, Չեխիրկինը միանշանակ չէր զիջում ինձ գորգի վրա: Նա գործող աշխարհի չեմպիոնն է ու շատ փորձառու ըմբիշ:

Կարապետ, երբ եզրափակիչներում հայ ըմբիշների մրցակիցը ռուսաստանցի է, կողմնակալ մրցավարությունը, կարծես, անխուսափելի է: Ըստ քեզ՝ ի՞նչ պետք է անել մրցավարներին էլ հաղթելու համար:

Նման իրավիճակներում ուղղակի անհրաժեշտ է մրցակցին հաղթել մեծ առավելությամբ: Բայց նման մրցաշարերում, այլ էլ եզրափակիչներում, հնարավոր չէ: Երբեմն նույնիսկ 1 միավորը կարող է հաղթանակ պարգեւել մրցակցին:

Եվրոպայի առաջնությունը բաց թողեցիր վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտարարել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Եվրոպական խաղերում վնասվածքդ չխանգարե՞ց քեզ:

Այո, մասնակցում էի վնասվածքով: Մարտին Մինսկում անցկացված հավաքի ժամանակ ծնկի կողային կապանի պատրվածք էի ստացել: Երկու ամիս բուժվել էի: Բայց գոտեմարտերիս ժամանակ վնասվածքն էլ իր հերթին զգացվեց: Առաջին երկու գոտեմարտերի ժամանակ բացարձակ չխանգարեց, բայց կիսաեզրափակիչում ցավացրեցի ծունկս եւ եզրափակիչում արդեն զգում էի ցավը:

Ի՞նչ նպատակներ ունես առաջիկայում:  

Առջեւում հավաքականի հետ կմասնակցեմ հավաքների, ունենք նաեւ մի քանի միջազգային մրցաշարեր: Առաջիկա նպատակս աշխարհի առաջնությունն ու Օլիմպիական խաղերն են: Ցանկանում եմ նախ աշխարհի առաջնությունում, ապա նաեւ Օլիմպիական խաղերում հաղթել:

Հ.Գ. Հայաստանի հավաքականի կազմում 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է: Չալյանի ու Ջուլֆալակյանի միջեւ վերջին 3 գոտեմարտերում հաղթել է Կարապետը: Չալյանը հաղթանակ է տարել 2018 թվականին Վարշավայում կայացած Վլադիսլավ Պետլյանսկու անվան հուշամրցաշարում (3:1), Հայաստանի առաջնության եզրափակիչում (5:3) եւ Կիեւում կայացած միջազգային մրցաշարում (2։0 ):

Հիշեցնենք, որ 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ եւ նպատակ ունի պայքարել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Հայաստանի հավաքականը առաջիկայում կպատրաստվի սեպտեմբերի 14-22-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: 77 կգ քաշային կարգում երկու ըմբիշներից թե ում հնարավորություն կտա Լեւոն Ջուլֆալակյանը, դեռ պարզ չէ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ