21:08  ,  22 հունիսի, 2019

Արթուր Վանեցյանը սենդվիչ պատրաստեց պատանի ֆուտբոլիստների համար (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում:

«14-15 տարեկան պատանիների հետ ոչ ֆորմալ հանդիպում ենք կազմակերպել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանանք, ոգեւորենք երեխաներին, որպեսզի ավելի լուրջ եւ լավ տրամադրվեն իրենց մարզումներին: Հայկական ֆուտբոլի ապագան եւ հույսը այս երեխաներն են, ապագան տեսնում եմ այս երեխաների մեջ: Համոզված եմ, որ այս երեխաները ճիշտ աշխատանքի արդյունքում լավ ֆուտբոլիստներ կդառնան»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահի հետ հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայի լողավազանի մոտ, պատանի ֆուտբոլիստների համար նախատեսված էր հյուրասիրություն: Պատանի ֆուտբոլիստների հետ շփվելուց հետո, Արթուր Վանեցյանն անձամբ երեխաների համար պատրաստեց սենդվիչներ եւ հյուրասիրեց:

ՀՖՖ նախագահը աղջիկներից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու չեն օգտվում լողավազանից, իսկ երեխաները պատասխանեցին, որ իրենց թույլ չեն տալիս:

Արթուր Վանեցյանը Ակադեմիայի ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչու թույլ չեն տալիս, ապա իմանալով, որ մաքրման աշխատանքների պատճառով են արգելում, նկատողություն արեց լողավազանի աշխատակիցներին:

Արթուր Վանեցյանը տիկնոջ եւ երեխաների հետ էր եկել պատանի ֆուտբոլիստերի հետ հանդիպմանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով