17:52  ,  1 հոկտեմբերի, 2018

Հայտնի ամերիկյան հեռուստաշոուի ընթացքում ծաղրել են Սերենա Ուիլյամսին

Հայտնի ամերիկյան Saturday Night Live հեռուստաշոուի ընթացքում ծաղրել են աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին, որը ճապոնացի Նաոմի Օսակայի հետ US Open-ի եզրափակիչում բղավել էր կորտի մրցավարի վրա՝ նրան մեղադրելով սխալ որոշումների մեջ, հետագայում ներկայացրել էր նաեւ սեռական խտրականության վերաբերյալ մեղադրանք:

Եզրափակիչից հետո Սերենա Ուիլյամսը հայտարարել էր.

«Մրցավարին գող եմ համարում, քանի որ նա գողացավ իմ միավորը: Նա ինձ մեղադրեց խարդախության մեջ: Ես մարզիչիս հետ չէի խոսել: Ես տեսել եմ, թե ինչպես են տղամարդկանց մրցաշարերի ժամանակ թենիսիստները խոսում: Ես պայքարում եմ կանանց իրավունքների ու հավասարության համար: Այն, որ ես գող անվանեցի մրցավարին եւ նա միավոր հանեց ինձնից, դա նման է սեքսիզմի: Նա երբեք միավոր չի հանել տղամարդկանցից, երբ նրանք նույնն են ասել»:

Հիշեցնենք, որ եզրափակիչում 36-ամյա Սերենա Ուիլյամսը պարտվել էր 20-ամյա ճապոնացի Նաոմի Օսակային: Երկրորդ սեթում երեք զգուշացումից հետո Ուիլյամսը զրկվեց մեկ գեյմի միավորից:

Թենիսի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել էր մրցավար Կարլոս Ռամոսի որոշումներին՝ նշելով, որ «Կարլոս Ռամոսն ամենափորձառու եւ հարգելի մրցավարներից մեկն է եւ նրա որոշումները ամբողջովին համապատասխանել են գործող կանոններին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով