20:04  ,  25 հոկտեմբերի, 2016

Գվարդիոլա. Մանչեսթերյան դերբին չի կարող լինել անցողիկ հանդիպում, կլինի ճակատամարտ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում ակնկալում է ճակատամարտ:

«Գավաթային խաղին կմասնակցեն մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ: Նրանք վաստակել են այդ իրավունքը: Բացի այդ, նախորդ հանդիպումը բարդ էր, եւ շատ ֆուտբոլիստներ հոգնել են: Այս պահին ես չեմ որոշել մեկնարկային կազմը, սակայն թիմին չի կարողանա օգնել Քեւին Դե Բրույնեն: Նա թեթեւ վնասվածք ունի: Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը բաց թողնի նաեւ Պաբլո Սաբալետան: Վենսան Կոմպանին, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի:

«Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ահեղ ուժ է, որի հետ աշխատում է փորձառու մարզիչ: Մանչեսթերյան դերբին չի կարող լինել անցողիկ հանդիպում: Մրցակիցը ֆիզիկապես հրաշալի է պատրաստված, հրաշալի է հակագրոհում: Վստահ եմ, որ կլինի ճակատամարտ»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում