21:34  ,  5 հուլիսի, 2012

Կնշանակվի՞ Զիդանը հավաքականի գլխավոր մարզիչ

Լեգենդար Զինեդին Զիդանը` Դիդյե Դեշամի եւ Պոլ լը Գուենի հետ միասին համարվում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի հավանական թեկնածու, հաղորդում է  Le Figaro պարբերականը` հղում անելով L'Equipe-ին: 

Le Figaro-ն նշում է, որ զգացմունքայնության տեսանկյունից նման նշանակումը լիովին տրամաբանական է: Իր հերթին Զիդանը չի թաքցնում թափուր տեղը զբաղեցնելու ցանկությունը:

«10 տարի առաջ ես չէի ցանկանում մարզիչ դառնալ, սակայն այսօր ես գնում եմ այդ ուղղությամբ: Տեսնենք»,- ասել է նա:

Ըստ երեւույթին, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահը կիսում է լեգենդար ֆուտբոլիստի տեսակետը:

«Հիանալի եմ համարում, որ Զիդանը հրապարակավ խոսում է իր ցանկության մասին: Դա շատ ուրախալի լուր է: Զիդանը Ժոզե Մուուրինյոյի հետ համատեղ աշխատում է մադրիդյան «Ռեալում», դա շատ լավ դպրոց է»,- նշել է Լե Գրեն:

Կգնա՞ Ֆեդերացիան նման ռիսկի, դեռ պարզ չէ: Մեծ ցանկություն ունենալը, իհարկե գովելի է, սակայն, շարունակում է Le Figaro-ն, դա կարող է քիչ լինել, քանի որ Զիդանը ինքնուրույն մարզչական փորձ չունի:  

Իրավիճակը դեռ պարզ չէ, արդյունքներ կարելի է ակնկալել մոտ մեկ շաբաթից, եզրափակել է Le Figaro-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով