16:18  ,  13 հուլիսի, 2016

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Թոմ Ջոնս․ Մխիթարյանի մոտ կստացվի «Մանչեսթեր Յունայթեդում»

Հենրիխ Մխիթարյանը չափազանց տաղանդավոր է։ Անհամբերությամբ եմ սպասում նրա ելույթներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատած Թոմ Ջոնսը։ Անգլիացի մասնագետը կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանին առաջին անգամ տեսել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Դրանից հետո Վարդան Մինասյանին ասացի, որ նրան պետք է տանել ազգային հավաքական։ Հենրիխը միանգամից լավ տպավորություն թողեց իր բնավորության եւ անգլերենի իմացության շնորհիվ։

Երբ գնդակը Մխիթարյանի մոտ է, մրցակցի պաշտպանությունը հայտնվում է խուճապի մեջ։ Եթե պաշտպանները «նետվում» են նրա վրա, Հենրիխի համար բարդ չէ շրջանցել նրանց եւ վտանգավոր պահ ստեղծել արագության ու տեխնիկայի շնորհիվ։ Մխիթարյանից միշտ վտանգի սպառնալիք կա, իսկ մրցակիցներին, իհարկե, դուր չի գալիս նրա համարձակ խաղաոճը։

Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցել մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլերին, սակայն նախորդ ընտրական փուլերում նրանք հասան հաջողության։ Երբ մենք աշխատում էինք Հայաստանում, փորձում էինք փոխել խաղացողների մտածելակերպը եւ նրանց սովորեցնել հարձակողական ֆուտբոլ՝ պրեսինգի բաղադրիչներով։

«Բորուսիայում» խաղալու տարիներին Մխիթարյանը դարձավ հայ երկրպագուների կուռքը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մի քիչ այլ մակարդակ է փոքր երկրի ֆուտբոլիստի համար, սակայն կարծում եմ, որ նրա մոտ կստացվի։ Հենրիխը չափազանց տաղանդավոր է։ Անհամբերությամբ եմ սպասում նրա ելույթներին մանչեսթերցիների կազմում»,- Թոմ Ջոնսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։

Հիշեցնենք, որ Թոմ Ջոնսը Հայաստանի հավաքականում աշխատել է 2006-2007-ը, երբ մարզչական շտաբը գլխավորում էր Յան Պորտերֆիլդը, իսկ շոտլանդացի մասնագետի մահից հետո նաեւ ժամանակավորապես գլխավորեց ազգային թիմը։  

Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կիսապաշտպանը կստանա 8 միլիոն եվրո բոնուս, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում