15:41  ,  6 հուլիսի, 2016

Մոուրինյո. Մխիթարյանին լավագույնն են ճանաչել գործընկերները, նա հրաշալի խաղացող է

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, սակայն այդ հատվածը չի հրապարակվել, քանի որ կողմերը դեռ չեն կնքել պայմանագիրը, փոխանցում է redcafe-ն:

«Մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացողին (Զլատան Իբրահիմովիչ) եւ ֆուտբոլիստների քվեարկությամբ, Բունդեսլիգայի լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանին: Նրան ընտրել են ոչ թե երկրպագուները կամ լրագրողները, այլ գործընկներները: Դա շատ բան արժի: Մխիթարյանը հրաշալի խաղացող է: Ինձ հիացնում է նրա գոլերի քանակը: Նա հարձակվող չէ, եւ անցած մրցաշրջանում նրա խփած գոլերի թիվն իսկապես տպավորիչ է: Նրա գոլային փոխանցումների քանակը վկայում է, որ Մխիթարյանը ստեղծագործող է, ցույց է տալիս խաղի թիմային ընկալումն ու պատկերացումը: Դա շատ կարեւոր է մեզ համար: Մեզ դիմակայելու են պաշտպանական ֆուտբոլ ցուցադրող թիմեր, եւ Մխիթարյանը կարող է արագացնել խաղի տեմպը: Նա կարողանում է փոխել արագությունը գնդակով կամ առանց գնդակի: Դա եւս շատ կարեւոր է»,- ասել է Մոուրինյոն:

27-ամյա Մխիթարյանի հեռանալու մասին «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է: Ոչ պաշտոնական տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է Մխիթարյանի համար Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի ձեւակերպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում