12:35  ,  25 մայիսի, 2016

Ցյուրիխում ՖԻՖԱ-ի թանգարանը՝ NEWS.am Sport-ի աչքերով (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ի թղթակցին հաջողվել է լինել ՖԻՖԱ-ի թանգարանում, որը բացվել էր այս տարվա փետրվարին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:

Առաջնորդվելով «Ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» սկզբունքով, կփորձենք լուսանկարների միջոցով նկարագրել մեր էքսկուրսիան:

3 հազար քառակուսի մետր տարածք, 1000-ից ավելի ցուցադրանմուշ, 30 միլիոն շվեյցարական ֆրանկ թանգարանի կառուցման համար. դրանք միայն թվեր են, որոնք, սակայն, շատ բան են ասում: Սկսենք էքսկուրսիան:

Առաջին հարկում ամեն ինչ շվեյցարական ոճով է՝ գեղեցիկ սրճարան, գրադարան ու ծաղիկներով շրջապատված դարատափ:

Իջնելով ներքեւ՝ միանգամից տեսնում ես հսկայական էկրան, որի վրա ցուցադրվում են ֆուտբոլային եւ ֆուտբոլի հետ կապված կադրեր: Կենտրոնում տեղադրված ցուցափեղկերի վրա ՖԻՖԱ-ի անդամ բոլոր հավաքականների մարզաշապիկներն ու ֆեդերացիաների տարբերանշաններն են՝ նշված, թե որ թվականին են նրանք դարձել ՖԻՖԱ-ի անդամ: Հայաստանի հավաքականի մարզաշապիկը գտնելը ստացվեց շատ արագ: 

Իջնելով ցած՝ հանդիպում ես այնքան հետաքրքիր տեսարանների, որ մի պահ դադարում ես լսել հաճելի բրիտանական ակցենտով թանգարանի մասին պատմող գիդի ասածները:

Այստեղ է նաեւ այն «ձեռագիրը», որի վրա 1800-ին գրվել են ֆուտբոլի առաջին կանոնները: Դրա կողքին են նաեւ աշխարհի գավաթն ու տարբեր փաստաթղթեր ու ցուցադրանմուշներ՝ նվիրված ֆուտբոլի պատմության ամենաուշագրավ իրադարձություններին:

Էքսկուրսիայի վերջում հյուրերն այցելում են կինոսրահ, որտեղ մի քանի րոպեանոց ֆիլմով վերհիշում են աշխարհի առաջնությունների ուրախ ու տխուր պահերը, հիասթափությունները, հույզերը, գեղեցիկ գոլերն ու կարեւոր իրադարձությունները: Մունդիլաների ամբողջ պատմությունը ներկայացվում է տպավորիչ հոլովակում: Ստադիոն մտնել փորձող հազարավոր երկրպագուներ, երիտասարդ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին «Ուեմբլի» ստադիոնի VIP օթյակում (ԱԱ-1966-ի եզրափակիչից առաջ), հոլանդացի Արյեն Ռոբենի հուսալքված դեմքն Իսպանիայի դեմ ԱԱ-2010-ի եզրափակիչում Իկեր Կասիլյասի դեմ մեն-մենակ դուրս գալուց եւ վրիպելուց հետո:   

Շուտով ֆիլմն ավարտվում է եւ սեւ էկրանի ֆոնին բացվում են 2 լուսավոր դռներ: Դր՞ախտ. ոչ, ժամանակն է մտնել վերելակը, էքսկուրսիան ավարտվում է:

Սամվել Սուքիասյան՝ Ցյուրիխից

Ֆոտո՝  Սամվել Սուքիասյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում