09:10  ,  5 փետրվարի, 2016

Վալերի Կարպին. Արաս Օզբիլիսի մոտ կստացվի Պրիմերայում

Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Սպարտակից» հեռացած Արաս Օզբիլիսին ու Յուրա Մովսիսյանին, որոնց հետ աշխատել էր մոսկովյան ակումբում: Վերջերս Մովսիսյանը վերադարձել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», իսկ Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը գնել է թուրքական «Բեշիկթաշը»՝ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը նրան վարձավճարով տրամադրելով իսպանական «Ռայո Վալյեկանոյին»:

Հայտնի է, որ Արմավիրի «Տորպեդոն» լավ հարաբերություններ ունի Երեւանի «Բանանցի» հետ: Ճ՞իշտ է, որ դուք եք «Բանանցին» խորհուրդ տվել հրավիրել իսպանացի մարզիչների:

Ինչպես հայտնի է, «Բանանցը» եւ «Տորպեդոն» ունեն նույն բաժնետերերը: Միասին քննարկել ենք թեկնածուներին: Ես նույնպես մասնակցել եմ քննարկումներին:

Դուք երկար տարիներ հանդես եք եկել Իսպանիայի առաջնությունում: Ձեր նախկին սան Արաս Օզբիլիսն օրերս տեղափոխվեց «Ռայո Վալյեկանո»: Կկարողանա՞ նա հանդես գալ Պրիմերայում:

Կարծում եմ՝ կկարողանա: Նրա խաղաոճը համապատասխանում է Իսպանիայի առաջնությանը:

Յուրա Մովսիսյանը նույնպես հեռացել է «Սպարտակից»՝ տեղափոխվելով ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: Ըստ Ձեզ՝ դա կարիերան շարունակելու լավագո՞ւյն տարբերակն էր:

Տրանսֆերը տեղի է ունեցել, եւ դա նշանակում է, որ այդ տեղափոխությունը լավագույն տարբերակն էր բոլոր կողմերի՝ «Սպարտակի», Յուրայի ու «Ռեալ Սոլթ Լեյքի» համար:

Սամվել Սուքիասյան՝ Սոչիից

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում