02:48  ,  22 նոյեմբերի, 2015

Արթուր Աբրահամը դժվարությամբ պաշտպանեց տիտղոսը (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց տիտղոսը:

Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտում 35-ամյա Աբրահամը միավորներով առավելության հասավ անգլիացի Մարտին Մարեյի նկատմամբ: Ամերիկացի 3 մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, իսկ մեկը՝ 33-ամյա Մարեյին (115:112, 112:115, 116:111):

Առաջին ռաունդում բռնցքամարտիկներն ուսումնասիրում էին իրար, իսկ երկրորդում ավելի ակտիվ էին, բայց գործը լուրջ հարվածների չէր հասնում: Հաջորդ մի քանի ռաունդները նման էին իրար: Մարեյն ավելի ակտիվ էր սկսում, իսկ Աբրահամը պաշտպանվում էր եւ փորձում հակագրոհել: 33-ամյա անգլիացին ոչնչով չէր զիջում հայ բռնցքամարտիկին եւ նույնիսկ ուներ ոչ մեծ առավելություն, թեեւ չէր հասցրել ու բաց չէր թողել լուրջ հարվածներ: Մարեյը վատ չէր տեղաշարժվում ռինգում, իսկ Աբրահամի վտանգավոր գրոհները կանխում էր գրկախառնվելու միջոցով: 6-րդ ռաունդում Արթուրը կատարեց մի քանի լավ հարվածներ: Հաջորդ ռաունդներն անցնում էին հավասար պայքարում: 11-րդ ռաունդում Աբրահամն ուներ նկատելի առավելություն, իսկ նրա մրցակիցը նաեւ նկատողություն ստացավ: Վերջին ռաունդում բրիտանացին փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն հայ բռնցքամարտիկը հաջող պաշտպանվեց ու մենամարտը հասցրեց հաղթական ավարտի:

Արթուր Աբրահամը 44-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրել է 48 մենամարտ եւ կրել 4 պարտություն: Մարեյն անցկացրեց 33-րդ մենամարտը եւ պարտվեց երրորդ անգամ:

Հիշեցնենք, որ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա հուլիսի 18-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում