01:22  ,  19 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին (ֆոտոշարք)

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Գերմանիայի Հալե քաղաքում հուլիսի 18-ին կայացած մենամարտում 35-ամյա Աբրահամը նոկաուտով 6-րդ ռաունդում հաղթեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, որին ռինգում հանդիպեց չորրորդ անգամ:

1-3-րդ ռաունդները նման էին իրար: Շտիգլիցն ավելի ակտիվ էր սկսում, բայց Աբրահամն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ՝ ակտիվանալով վերջնամասում: Հայ բռնցքամարտիկի առավելությունն ակնհայտ էր չորրորդ ռաունդում, որում Արթուրի ուժգին հարվածներից հետո մրցավարը հաշիվ բացեց, բայց գերմանացին կարողացավ շարունակել մենամարտը: Հաջորդ ռաունդում եւս Աբրահամն ավելի լավ տեսք ուներ, իսկ 6-րդ ռաունդում Շտիգլիցը հայտնվեց ռինգի հատակին: Գերմանացին մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց եւ ցանկանում էր շարունակել մենամարտը, սակայն նրա մարզիչը սպիտակ սրբիչ ցուցադրեց, ինչից հետո մրցավարը հաղթանակը շնորհեց Արթուր Աբրահամին:

Մենամարտին ներկա էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մենամարտի վերջում նաեւ բարձրացավ ռինգ եւ շնորհավորեց Արթուր Աբրահամին:

Հայ բռնցքամարտիկը 43-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 47-րդ մենամարտը եւ 29 անգամ հաղթեց նոկաուտով: Շտիգլիցն անցկացրեց 52-րդ մենամարտը եւ կրեց 5-րդ պարտությունը:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերում 2 անգամ հաղթել էր հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ տեխնիկական նոկաուտով առավելության էր հասել գերմանացին: 

Մենամարտի ամբողջական տեսանյութը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում