Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 4-ի առավոտյան մեկնեց Հայաստանից, որտեղ ժամանել էր սեպտեմբերի 30-ին:
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը Հայաստանում էր Երեւանում հոկտեմբերի 3-ին կայացած առաջին միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: Նա Երեւան էր ժամանել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով:
Երեւանում ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստը հանդես եկավ նաեւ հոկտեմբերի 2-ին կայացած բարեգործական ֆուտբոլային խաղում, որում ոչ ոքի խաղացին (1:1) ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Լրագրողների թիմում էր խաղում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հայաստանում Յուրի Ջորկաեֆը այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաեւ հանդիպեց բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում