14:41  ,  2 հոկտեմբերի, 2015

Ո՞ւմ հետ է Երեւանում ֆուտբոլ խաղալու Յուրի Ջորկաեֆը (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 2-ին Երեւանում կմասնակցի բարեգործական ֆուտբոլային հանդիպման: «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) կայանալիք խաղում կմրցեն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները:

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հանդես կգա բանկի թիմի կազմում:

Հայաստանի լրագրողների հավաքականը ստեղծվել է 2014-ի սեպտեմբերին եւ մինչեւ օրս անցկացրել է 3 հանդիպում: Առաջին խաղը լրագրողներն անցկացրել են Հայաստանի մարզիչների հավաքականի հետ՝ պարտվելով 3:7 հաշվով, իսկ երկրորդ մրցավեճում Երեւանի «Հրազդան» ստադիոնում 2:0 հաշվով առավելության են հասել Ազգային ժողովի թիմի նկատմամբ:

Երրորդ մրցակիցն էր Պաշտպանության նախարարության թիմը, որի դեմ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 8:8:

Յուրի Ջորկաեֆը Երեւանում ֆուտբոլ խաղացել է նաեւ 1999-ի սեպտեմբերի 8-ին, երբ Եվրո-2000-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը «Հրազդան» ստադիոնում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ: Այդ օրը Հայաստանի հավաքականից աչքի ընկան Կարապետ Միքայելյանն ու Արմեն Շահգելդյանը, իսկ ֆրանսիացիներից՝ Զինեդին Զիդանը, Լիլիան Լասլանդը եւ հենց Յուրի Ջորկաեֆը:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք խաղում, իհարկե, ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստի ներկայությունը հսկայական առավելություն ու մոտիվացիա է տալիս մրցակցին, սակայն լրագրողների թիմի կազմում եւս հանդես է գալու հայ ֆուտբոլասերին լավ ծանոթ նախկին ֆուտբոլիստ: Խոսքը Հայաստանի ազգային հավաքականի պատմության ամենահաջողակ գլխավոր մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանի մասին է:

NEWS.am լրատվական գործակալությունը եւս ներկայացուցիչ ունի լրագրողների թիմում, որում հանդես է գալիս NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը: Լրագրողների թիմում ընդգրկված են նաեւ Mediamax.am-ի, «Հայաստանի Հանրապետություն» թերթի, Առաջին ալիքի, «Արմենիա» հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի ու այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:

Հանդիպումը մեկնարկելու է ժամը 17:30-ին, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: Մուտքն ազատ է։ Խաղի վերջում ցանկացողները հնարավորություն կունենան ստանալ Յուրի Ջորկաեֆի ինքնագիրը:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով