23:48  ,  4 օգոստոսի, 2015

Համահայկական խաղերի բացումն Արցախում. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոսի 4-ին եւս մեկնարկեցին Համահայկական 6-րդ խաղերը: Այս տարի առաջին անգամ Խաղերի հանդիպուներ են անցկացվում նաեւ Արցախում: Այստեղ մրցում են ֆուտբոլի եւ վոլեյբոլի այն թիմերը, որոնք նույն ենթախմբում են Արցախի հետ:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել Գյումրու եւ Բերդի վոլեյբելի թիմերը, ինչպես նաեւ Բուրջ Համուդի (Լիբանան) եւ Իսֆահանի (Իրան) ֆուտբոլիստները:

Թիմերը իջեւանել են Ստեփանակերտի երկու հյուրանոցներում:

Ֆուտբոլային հանդիպումներն անցկացվում են Ասկերանի քաղաքային մարզադաշտում, իսկ վոլեյբոլի մրցումները՝ Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում:

Խաղերի բացումը կայացավ Ասկերանի քաղաքային մարզադաշտում: Բացումն ազդարարեց  Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր ողջույնի խոսքում կարեւորեց Խաղերի աշխարհագրության ընդլայնումը, նաեւ սպորտի միջոցով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության գաղափարը: Խաղերի արցախյան բացմանը ներկա էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանը,  Արցախի Կրթության, գիտւթյան եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Առաջին օրը կայացան վոլեյբոլի՝ Արցախ - Բերդ եւ ֆուտբոլի՝ Արցախ - Իսֆահան հանդիպումները: Արցախցի վոլեյբոլիստները 3:0 հաշվով հաղթեցին, իսկ Արցախի ֆուտբոլի թիմը  2:0 հաշվով առավելության հասավ Իսֆահանի նկատմամբ:

Բացի մարզական միջոցառումներից, օգոստոսի 5-ին եւ  6-ին  նախատեսվում է այցելություն Շուշի եւ Գանձասար:

Խաղերի մասնակիցները ոգեւորված եւ ուրախ են հայրենիք, այն էլ Արցախ գալուց:

Երեւան - Ստեփանակերտ ճանապարհը մասնակիցները հայրենասիրական երգերով եւ ուրախ տրամադրությամբ անցան:

Նրանց համար այս խաղերում արդի է օլիմպիական՝  «Կարեւորը՝ մասնակցությունն է» կարգախոսը, քանի որ իրենց գտնվելն այստեղ, արդեն հաղթանակ են համարում:

Օլիմպիական կարգախոսը՝ կարգախոս, բայց արցախցիները զիջել չեն պատրաստվում՝ կատակում են տեղացիները:

Վաղը՝ օգոստոսի 5-ին կկայանան վոլեյբոլի՝ Գյումրի - Բերդ եւ ֆուտբոլի՝ Բուրջ Համուդ-Իսֆահան հանդիպումները:

Շուշանիկ Հակոբյան, Արցախ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում