15:22  ,  26 հուլիսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Եթե 2016-ին «Բորուսիայի» ղեկավարությունը ցանկանա՝ ես կմնամ

Ես մեծ ուրախությամբ եմ հանդես գալիս Դորտմունդում, եւ դա է ամենակարեւորը, ասել է «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է Goal.com

«Երբեք չեմ ունեցել զգացում, թե սխալ քայլ է եղել այստեղ տեղափոխվելս: «Բորուսիան» հրաշալի ակումբ է եւ ներդաշնակ թիմ է:

Մարզական տեսանկյունից ծանր ժամանակ եղել է: Ես փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է արագ դուրս գամ այդ իրավիճակից: Եղել է ժամանակ, երբ ֆանատներն ասում էին՝ «այպիսի Միկին երբեք գնդակ չի խփի»: Ծանր էր: Անցած մրցաշրջանի առաջին շրջանում ընդամենը մեկ գնդակ էի խփել՝ Գերմանիայի Գավաթում: Ինքս իմ վրա մշտապես ճնշում էի գործադրում: Ոչինչ չէր ստացվում:

Դարձյալ գոլ խփելուց հետո ամեն ինչ սկսվեց զրոյից: Բայց ես կարող եմ հենվել նախորդ երկու ամիսների վրա: Ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնումս համընկավ Յուրգեն Կլոպի հեռանալու հետ, բայց դա կապ չունի Կլոպի որոշման հետ: Ինձ ուրախացնում է, որ անցած մրցաշրջանի վերջնամասում կարողացա մի քանի գնդակ խփել եւ գոլային փոխանցում կատարել՝ ներդրում ունենալով Յուրգեն Կլոպի հետ գեղեցիկ հրաժեշտին: Ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ նրա ղեկավարությամբ: Ես շնորհակալ եմ նրան: Արձակուրդիս ժամանակ զրուցել եմ Կլոպի հետ:

Դրական է ազդել նաեւ Թոմաս Տուխելը: Բայց իմ անձնական որոշումն է մնալ Դորտմունդում: Ես այստեղ դեռ շատ նպատակներ ունեմ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի ապացում եմ մարդկանց, որ լավ ֆուտբոլիստ եմ: Ես ցանկանում եմ երջանիկ դարձնել «Բորուսիայի» երկրպագուներին եւ ինձ: Կարեւոր է, որ մյուս խաղացողները եւս որոշեցին մնալ թիմում ծանր մրցաշրջանից հետո, եւ թիմը չկազմալուծվեց:

Մեր զրույցից հետո հասկացա, որ Տուխելը մարզչական մեծ ներուժ ունի: Նա հասկանում եւ սիրում է ֆուտբոլը եւ գիտի՝ ինչպես կառուցել խաղը, ինչպես պաշտպանվել: Դրանից հետո որոշեցի, որ ավելի լավ է մնալ այստեղ եւ սովորել նրանից: Եթե լավ մարզվեմ, լավ մարզավիճակում լինեմ, ապա տեղ կունենամ մեկնարկային կազմում:

Շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում: Մենք հավակնում ենք լինել առաջատար քառյակում: Բայց բոլորիս նպատակն էլ տիտղոսներն են: Ակումբս փոխելու մասին այժմ չեմ մտածում: «Բորուսիան» մեծ ակումբ է, Դորտմունդում ինձ հրաշալի եմ զգում: Եվ դեռ այն տարիքում չեմ, որ գումար վաստակել Դուբայի կամ Քաթարի ակումբներում: Եթե 2016-ին «Բորուսիայի» ղեկավարությունը ցանկանա՝ ես կմնամ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում