23:40  ,  21 մայիսի, 2015

Ֆիգու. Ոմանք Բլատերին համարում են սատանա, սակայն բեմում նրան համեմատում են Քրիստոսի հետ

«Բարսելոնայի», «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից հրաժարվելու որոշումը:

«Չեմ մասնակցի մի բանի, որը կոչվում է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններ: Երկար դիտարկումներից եւ այլ թեկնածուների հետ զրույցներից հետո հասկացա, որ առաջիկա ընտրությունները չեն կարող նորմալ անցնել: Նպատակահարմար չեմ համարում մասնակցել դրան: Թեկնածուներից որեւէ մեկը նույնիսկ ծրագիր չի ներկայացրել, չի եղել ոչ մի հանրային քննարկում: Այս գործընթացը կհանգեցնի մեկ մարդու բացարձակ իշխանության: Ֆուտբոլը հաղթող դուրս չի գա: Ես տեսել եմ ազգային ֆեդերացիաների նախագահների, որոնք ՖԻՖԱ-ի նախագահին համեմատել են սատանայի հետ, սակայն բեմում նրան համեմատում են Քրիստոսի հետ»,- գրել է Ֆիգուն Ֆեյսբուքում:

Ավելի վաղ թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր նաեւ Հոլանդիայի ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրագը՝ աջակցություն հայտնելով ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյնին, որը կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցն է:

ՖԻՖԱ-ի նախագահի ընրությունը տեղի կունենա մայիսի 29-ին Ցյուրիխում: 79-ամյա Բլատերը հավակնում է պաշտոնավարման 5-րդ ժամկետին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում