00:50  ,  19 փետրվարի, 2015

Հայաստանն ու Բելառուսը կնքել են համագործակցության պայմանագիր

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է Մինսկ, որտեղ փետրվարի 18-ին Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ ստորագրել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում երկու երկրների նախարարությունների 2015-2016թթ. համագործակցության պայմանագիր:   

Ծրագրի իրականացումը նախատեսում է երկու երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում պետական կառավարման մարմինների, հասարակական եւ տարածաշրջանային մարզական կազմակերպությունների, ինչպես նաեւ մարզական ուղղվածության ուսումնական, գիտական, բժշկական հիմնարկների համագործակցություն:  

Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաեւ նաեւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: Նախարար Գաբրիել Ղազարյանը Ալեքսանդր Շամկոյին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հուշանվերով:  

Նախարարը եղել է Բելառուսի մարզական մի քանի կազմակերպություններում եւ կառույցներում, մասնավորապես՝ Բելառուսի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանում, ծանոթացել աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Բացի այդ, Գաբրիել Ղազարյանը եւ Ալեքսանդր Շամկոն Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Կոչանովայի հետ միասին փետրվարի 17-ին մասնակցել է պատանիների եւ երիտասարդների բիաթլոնի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English