16:31  ,  29 հունվարի, 2015

Լեգենդար Բուբկան կառաջադրվի ԻԱԱՖ-ի նախագահի պաշտոնում

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (ԻԱԱՖ) փոխնախագահ, լեգենդար ձողացատկորդ Սերգեյ Բուբկան (Ուկրաինա) հայտարարել է կազմակերպության նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին:

«Իմ որոշումն աջակցություն է ստացել Ուկրաինայի աթլետիկայի ֆեդերացիայում եւ միջազգային աթլետիկայի բազմաթիվ գործիչների կողմից: Ես ցանկանում եմ գլխավորել միջազգային ֆեդերացիան, որպեսզի փոխհատուցեմ մեր մարզաձեւին՝ անցյալում ինձ տրամադրած հնարավորությունների համար»,- Թվիթերում գրել է Բուբկան:

ԻԱԱՖ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2015թ. օգոստոսին Պեկինում կայանալիք կոնգրեսում: Անցած տարի Բուբկան պարտվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրություններում:

Բուբկան 1988թ. օլիմպիական չեմպիոնն է, աշխարհի վեցակի չեմպիոն է: Նա առաջինն է, ում հաջողվել է հաղթահարել 6 մետր բարձրությունը: 1994-ին նրա սահմանած բաց ստադիոնների համաշխարհային ռեկորդը (6մ 14սմ) մինչեւ հիմա անգերազանցելի է: 1993-ին մարզապալատում սահմանած 6մ 15սմ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը 2014-ին 1սմ-ով գերազանցեց 2012թ. օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Ռենո Լավիլենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում