20:22  ,  20 դեկտեմբերի, 2014

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» խորտակումը շարունակվում է

Դորտմունդի «Բորուսիան» պարտությամբ ավարտեց 2014 թվականը: Բունդեսլիգայի 17-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Բրեմենում 1:2 հաշվով պարտվեց «Վերդերին», որը մինչեւ այս տուրը բաժանում էր վերջին տեղը:

Խաղի մեկնարկը շատ անհաջող ստացվեց դորտմունդցիների համար, քանի որ երրորդ րոպեին գերմանացի 19-ամյա հարձակվող Դեւի Շելկեն գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Վերդերին»: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ուներ տարածքային առավելություն, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ բրեմենցիներն անցկացրին մի քանի վտանգավոր հակագրոհներ:

Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի թիմի խաղը չփոխվեց, իսկ «Վերդերը» չկորցրեց հաշիվը կրկնապատկելու հնարավորությունը: «Վերդերի» երկրորդ գոլը 62-րդ րոպեին խփեց գերմանացի Ֆին Բարտելսը: Րոպեներ անց «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը կրճատեց հաշիվը, սակայն խաղի վերջնամասում նկատելի առավելություն ունեցող հյուրերին չհաջողվեց փրկել խաղը: Հակագրոհներով խաղացող «Վերդերն» ավելի մոտ էր գոլ խփելուն, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Դեկտեմբերի 13-ին վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը հայտավարված չէր հանդիպմանը եւ խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ: 

Դորտմունդի «Բորուսիան» 10-րդ պարտությունը կրեց Գերմանիայի այս առաջնությունում եւ 15 միավորով նահանջեց նախավերջին՝ 17-րդ տեղ:

 Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Դ՝ 2:1

Դեւի Շելկե, 3, Ֆին Բարտելս, 62 – Մատս Հումելս, 69

«Բայեր» - «Այնտրախտ»՝ 1:1

Քարիմ Բելարաբի, 81 – Ալեքսանդր Մայեր, 36 (11մ.)

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ՝ 2:1

Մարկուս Ֆեուլներ, 21, Ռաուլ Բոբադիլիա, 51 – Մաքս Կրուզե, 3 (11մ.)

«Շտուտգարտ»  - «Պադերբորն»՝ 0:0

«Շալկե» - «Համբուրգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով