15:30  ,  14 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել Բեռլինի «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում, որում դորտմունդցիները պարտվել էին նվազագույն հաշվով: 33-րդ րոպեին Հենրիխը հարվածի պահին ձգել էր ազդրի մկանը՝ չկարողանալով շարունակել հանդիպումը: Հետազոտությունից հետո «Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:

Հիշեցնենք, որ այս տարի դորտմունդցիները Բունդեսլիգայում անցկացնելու են եւս 2 խաղ՝ մրցելով «Վոլֆսբուրգի» (դեկտեմբերի 17-ին) եւ «Վերդերի» (դեկտեմբերի 20-ին) հետ: 2015-ին Գերմանիայի առաջնությունում Յուրգեն Կլոպի թիմի առաջին խաղը կայանալու է հունվարի 30-ին Լեւերկուզենում, որտեղ մրցակիցը լինելու է «Բայերը»:

Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դեռ գոլ չի խփել Չեմպիոնների լիգայում եւ գերմանական Բունդեսլիգայում: Նա միայն մեկ անգամ աչքի է ընկել Գերմանիայի Գավաթում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով