00:20  ,  4 նոյեմբերի, 2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի բացումը. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը՝ Մոսկվայից

Մոսկվայի «Նովոթել» բիզնես կենտրոնում այսօր կայացավ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված՝ «Տաշիր» մրցաշարի բացումը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ռուսաստանի մայրաքաղաքից:

Մրցաշարին, որը կանցկացվի նոյեմբերի 4-11-ը,  մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (բոլորը՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դին Լիժենը (Չինաստան): 

Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը, բացի 25 հազար եվրոյից կպարգեւատրվի նաեւ հատուկ հուշանվերով, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր  ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը բարձր գնահատեց «Տաշիր» ընկերության գործունեությունը՝ մրցաշարի կազմակերպան հարցում, շնորհակալություն հայտնեց ներկաներին: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ շախմատի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով համաձայնել է գլխավորել մրցաշարի կազմկոմիտեն, նաեւ մրցաշարի կազմակերպիչ եւ հովանավոր «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին:

Ֆիլատովը վստահեցրեց, որ այս մրցաշարը կդառնա ընթացիկ տարվա շախմատային օրացույցի ուժեղագույն մրցաշարերից մեկը:

Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝  «Երկաթե Տիգրան» անվանմամբ:

Կայացավ նաեւ վիճակահանությունը: Այսպիսով՝ առաջին տուրում կմրցեն.

Դին Լիժեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան), Պետեր Լեկո (Հունգարիա) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) զույգերը:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով