21:47  ,  25 հոկտեմբերի, 2014

«Ռեալի» կամային հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ:

Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 4-ամսյա որակազրկումից հետո առաջին անգամ մասնակցեց պաշտոնական խաղի եւ նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում:

«Էլ Կլասիկոյի» հաշիվը չորրորդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո բացեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ում գոլից հետո Արքայական ակումբը կորցրեց մի քանի գոլային պահ: Հյուրերն ունեին տարածքային առավելություն եւ կարծես դիմանում էին Արքայական ակումբի գրոհներին, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում գոլ բաց թողեցին: Հաշիվը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ «Բարսելոնան» առաջին գոլը բաց թողեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո ավելի ուժեղ գտնվեց Կարլո Անչելոտիի թիմը:

50-րդ րոպեին Պեպեն անկյունային խաղարկման արդյունքում առաջ մղեց մադրիդցիներին, իսկ 11 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման «Ռեալի» գեղեցիկ հակագրոհն ավարտեց գոլով՝ կրկնապատկելով դաշտի տերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում «Բասելոնայի» մոտ ոչին չէր ստացվում առջեւի գծում, իսկ «Ռեալը» շարունակում էր անցկացնել վտանգավոր հակագրոհներ: Վերջնամասում Լուիս Էնրիկեի թիմը սրություն մտցրեց հարձակման գծում, սակայն դաշտի տերերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը՝ տանելով գեղեցիկ հաղթանակ: Նախորդ անգամ «Ռեալը» «Բարսելոնայի» նկատմամբ կամային հաղթանակ տարել էր 1993/94 մրցաշրջանում:

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում, բայց 22 միավորով պահպանեց առաջին տեղը: «Ռեալը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35 (11մ.), Պեպե, 50, Քարիմ Բենզեմա, 61 – Նեյմար, 4

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (Ավարո Արբելոա, 89), Իսկո (Ասյեր Իլյարամենդի, 84), Խամես Ռոդրիգես, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Սամի Խեդիրա, 87):  

«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավյեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ժերեմի Մաթյե, Սերխիո Բուսկետս, Չավի (Իվան Ռակիտիչ, 60), Անդրես Ինյեստա (Սերխի Ռոբերտո, 72), Լիոնել Մեսի, Նեյմար, Լուիս Սուարես (Պեդրո, 69):

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում