18:45  ,  15 հոկտեմբերի, 2014

Փող չունեք, ֆուտբոլ մի գնացեք

Վերջին  օրերին Հայաստանի ֆուտբոլային կյանքում ազգային հավաքականի խաղերից, թիմի կադրային կորուստներից հետո ամենաքննարկվող թեման Հայաստան - Սերբիա եւ Հայաստան - Ֆրանսիա խաղերի տոմսերի գներն էին:

Երկրպագուների շրջանում այն դժգոհության ալիք բարձրացրեց, սակայն ինչպես միշտ ոչինիչ չփոխվեց: Այս անգամ տոմսերի գները բարձրացել էին՝ դառնալով 4000 - 10 000 դրամ: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երեւանյան հանդիպումների տոմսերի գները 3000 - 8000 դրամ էին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդմամբ՝ գները ՈւԵՖԱ-ի պահանջին համապատասխան են: Ստացվում է, որ ՈւԵՖԱ-ի պահանջները տարածվում են միայն Հայաստանի վրա:

Օրինակ՝ Սերբիա - Ալբանիա խաղի գները սկսում են 300 դինարից՝ 1300 դրամից,  Բելառուս - Սլովակիա խաղինը՝ 1700 դրամից, Մոլդովա – Ավստրիա խաղինը՝ 2000 դրամից: Ուկրաինայում տոսմերի գները Մակեդոնիայի հետ խաղին սկսում էին 1400 դրամից: Ռումինիա – Հունգարիա խաղի տոսմերը սկսվում էին 2200 դրամից,  Ղազախստան - Չեխիա խաղում՝ 1300 դրամից: Ռուսաստան - Մոլդովա խաղի տոսմերի գները սկսվում էին 3100 դրամից: Ի դեպ, այդ խաղն անցկացվում էր «Սպարտակի» նորակառույց հիանալի ստադիոնում: Վրաստանում հավաքականի խաղերի գները  նույնպես սկսում են 1400 դրամից:

Եվ վերջում համեմատենք Եվրոպայի ամենաթանկ երկրի՝ Նորվեգիայի հետ: Մայիսին տեղի ունեցած Նորվեգիա - Ռուսաստան ընկերական խաղի տոսմերը սկսում էին 6200 դրամից, իսկ երեխաների համար՝ 3100 դրամից:

Իսկ հիմա համեմատենք երկրների միջին ամսական աշխատավարձի չափը.  Հայաստան՝ 300 դոլար,  Ռուսաստան՝ 800 դոլար,  Ուկրաինա՝ 350 դոլար, Ղազախստան՝ 650 դոլար, Նորվեգիա՝ 3700 դոլար։

Հավաքականի երկու խաղերին «Հանրապետական» ստադիոնի տրիբունաներն այդպես էլ չլցվեցին, թեեւ սերբերի հետ խաղում Հայաստանի հավաքականն առավել, քան երբեւէ ուներ աջակցության կարիք: Այս ամենի եզրակացությունը մեկն է՝ ֆուտբոլ նայելը ստադիոնում այսօր համարվում է շքեղություն, իսկ նրանք, ովքեր այդ շքեղությունն իրենց թույլ տալ չեն կարող, հեռուստացույցը միշտ կա ու կա…

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով