10:37  ,  29 սեպտեմբերի, 2014

Ռունի. Ներողություն եմ հայտնել թիմակիցներիս, ես արժանի էի կարմիր քարտի

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին չի բողոքարկի «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում ստացած կարմիր քարտը, որի պատճառով նա որակազրկվել էր 3 խաղով: Անգլիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը նշել է, որ այդ խախտման համար ինքն արժանի էր կարմիր քարտի:

«Կարմիր քարտը, երեւի, արդարացի էր: Տեսնելով, որ «Վեստ Հեմի» խաղացողը սկսում է հակագրոհ՝ փորձեցի կանգնեցնել նրան, սակայն սխալ գնահատեցի իրավիճակը:

Չէի ցանկանում, որ հարվածն այդքան կոպիտ ստացվեր: Իհարկե, ներողություն հայտնել եմ թիմակիցներիս: Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ ես սխալ էի այդ դրվագում: Միշտ դժվար է խաղալ 10 ֆուտբոլիստներով: Պարտական եմ թիմակիցներիս, ովքեր կարողացան պահպանել հաղթական հաշիվը»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ դա Ռունիի 6-րդ կարմիր քարտն էր կարիերայում: Նա բաց կթողնի «Վեստ Բրոմվիչի», «Էվերտոնի» եւ «Չելսիի» դեմ խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում